Եվրամիությունը 146 մլն եվրոյով կրճատել է Թուրքիային տրամադրվելիք աջակցությունը
Եվրոպական խորհրդարանը և ԵՄ անդամ երկրները քննարկել ու համաձայնության են եկել Եվրամիության (ԵՄ) 2019 թվականի բյուջեի վերաբերյալ։ Հաջորդ տարվա ԵՄ բյուջեն կկազմի 148․2 մլրդ եվրո, որից 1․45մլրդ եվրո կտրամադրվի Թուրքիային՝ փախստականներին աջակցելու նպատակով։
Իսկ եվրաանդամակցության բանակցությունների համատեքստում Թուրքիային տրամադրվող ֆինանսական աջակցությունը զգալիորեն նվազեցվել է, ինչի արդյունքում Թուրքիան նախատեսվածից 146․7 մլն եվրոյով պակաս աջակցություն կստանա 2019 թվականի համար։
Եվրամիության և Թուրքիայի միջև 2005թ․ սկսված անդամակցության բանակցություններն այս պահին փաստացիոեն սառեցված են։ 2016թ․ ձախողված հեղաշրջմանը հաջորդած մասսայական ձերբակալություններից ու կալանավորումներից հետ Եվրամիությունը հրաժարվեց Թուրքիայի հետ բանակցությունների շրջանակն ընդլայնելու մտադրությունից։
ԵՄ-ի 2019թ․ բյուջեն հաջորդ շաբաթ քվեարկության կդրվի խորհրդարանում և անդամ երկրներում։ Ակնկալվում է, որ կողմերը կհաստատեն բյուջեի նախագիծը։