Վահրամ Բաղդասարյանի միջոցներով վերանորոգված մանկապարտեզի բացմանը պատգամավորը հրավիրված չի եղել
Այսօր Լոռու մարզկենտրոն Վանաձորում տեղի է ունեցել մանկապարտեզի բացում: Միջոցառմանը ներկա էին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, տարածքային կառավարման ու զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը և այլք։
«Դեկտեմբերի 7-ին, տեղի է ունեցել Վանաձորի թիվ 11 մանկապարտեզի բացումը: Այն կառուցվել է ԱԺ պատգամավոր (տվյալ պահին՝ պատգամավորի թեկնածու) Վահրամ Բաղդասարյանի ջանքերով և աջակցությամբ: Մանկապարտեզի շինարարական աշխատանքների համար տրամադրվել է շուրջ 158 մլն դրամ: Բացման արարողությանը Վահրամ Բաղդասարյանը նույնիսկ հրավիրված չի եղել»,-նման հաղորդագրություն է տարածել Բաղդասարյանի գրասենյակը։
Հիշեցնենք, որ մանկապարտեզի բացման արարողության ժամանակ տնօրեն Գայանե Կիրակոսյանը Փաշինյանի ներկայությամբ շնորհակալություն հայտնեց ՀՀԿ-ական պատգամավոր Վահրամ Բաղդասարյանին, համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանին, մարզպետարանին, բարեխիղճ շինարարներին։ Տնօրենի այդ խոսքին հետևեցին ծափահարություններ։
«Հարկ եմ համարում հիշել մեր հին բարեկամներին, մանկապարտեզի մշտապես աջակից, սրտացավ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանին, որ դեռևս 2015-ին ջանք ու եռանդ չխնայեց ծրագրի իրականացման համար»,-իր խոսքում մասնավորապես ասաց տնօրենը Գայանե Կիրակոսյանը։
Կառավարության տարածած հաղորդագրության մեջ մանկապարտեզի մասին ասված է.
«Մանկապարտեզը հիմնանորոգվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ծրագրի շրջանակում, որի համար ծախսվել է 150 մլն դրամ: Մանկապարտեզը համալրվել է ժամանակակից նոր գույքով և ենթակառուցվածքներով, բարեկարգվել է բակը: Մանկապարտեզ է հաճախում 100 երեխա: Նիկոլ Փաշինյանը շրջել է հիմնանորոգված մանկապարտեզով և ծանթացել կատարված աշխատանքներին»։