Կատակով ասում ենք, որ հիսուն տոննա թուղթ ենք «փչացրել» այս ընտրությունների համար. Արմեն Սմբատյան
«Արտահերթ խորհրդարանական ընտրությունները մեր օրենսդրությամբ երկուսից երեք անգամ կրճատում են նախապատրաստական աշխատանքները, և սա Հայաստանի անկախության պատմության մեջ առաջին արտահերթ խորհրդարանական ընտրություններն են, սակայն ԿԸՀ-ն սեղմ ժամկետում կարողացել է իրականացնել բոլոր գործառույթները»,- այս մասին այսօր ԿԸՀ-ում նշեց հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը։
Նրա խոսքով ամենամեծ նորամուծությունն այն է, որ առաջին անգամ կրծքանշաններ են պատրաստվել և բաժանվել բոլոր ընտրատեղամասերին, դրանց վրա գրված է` «Ես քվեարկել եմ առաջին անգամ»: Կրծքանշանները պատրաստվել են 80 հազար օրինակով:
«ԿԸՀ-ն բաշխել է Հանրային հեռուստատեսությամբ և Հանրային ռադիոյով տրվող թե անվճար, թե վճարովի հեռուստաժամերը: Բոլոր քաղաքական ուժերը հնարավորություն են ունեցել հավասարապես օգտվելու դրանցից: ԿԸՀ-ն իրականացրել է նաև բազմաթիվ նոր ակցիաներ: Մեծ հակակոռուպցիոն արշավներ են իրականացվել` ընդդեմ ընտրակաշառքին, տեղադրվել են մեծ պաստառներ: Այս տարի ԿԸՀ-ն հրատարակել է նաև աննախադեպ թվով ձեռնարկներ, տպագրվել են ձեռնարկներ` ինչպես դիտորդների, վստահված անձանց, այնպես էլ ԶԼՄ ներկայացուցիչների համար: Աննախադեպ քանակի թերթիկներ են տպագրվել նաև ընտրողների համար, որոնք սովորեցնում են ընտրության կարգը: Բոլոր տեղամասերի համար տպագրվել են նաև պաստառներ: Տեսողություն խնդիր ունեցող անձանց համար խոշորացույցներ են տրամադրվել բոլոր ընտրատեղամասերին: Կուրություն և վատ տեսողություն ունեցող անձանց համար ևս ձեռնարկներ են հրատարակվել»,- մանրամասնեց Սմբատյանը։
ԿԸՀ քարտուղարը հայտնեց, որ ԿԸՀ-ն տպագրել է ընդհանուր 30 միլիոն հատ քվեաթերթիկ. «Մենք կատակով ասում ենք, որ հիսուն տոննա թուղթ ենք «փչացրել» այս ընտրությունների համար, բայց ես ուզում եմ նշել, որ քվեաթերթիկը ընտրողին հասնելու ճանապարհը բարդ է և մեծ ջանքեր է պահանջում»։
Լրագրողների հարցին, թե այդ նորամուծությունների համար նախորդ ընտրություններից որքանո՞վ է ավել գումար ծախսվել, նա ասաց, որ այդ թվերին չի տիրապետում, սակայն դրանք դոնորների տրամադրված գումարներով են արվել:
Հարակից հրապարակումներ`
- Այս պահին ընտրությունն ընթանում է բնականոն հունով. Տիգրան Մուկուչյան
- Հայաստանում այսօր արտահերթ խորհրդարանական ընտրություններ են
Լրահոս
Տեսանյութեր
«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց