Բազմաթիվ կուսակցություններ պայքարում էին ոչ թե հանուն ընտրվելու, այլ ընդդեմ մեկ կուսակցության. Դավիթ Հարությունյան
«Տարիներ շարունակ հստակ գիտակցել եմ, թե ինչքան կարևոր է ընդդիմության դերը խորհրդարանում և տարիներ շարունակ հետևողականորեն քայլեր եմ ձեռնարկել, որպեսզի ընդդիմության դերակատարումն ընդլայնվի»,- քվեարկությունից հետո, news.am-ի հաղորդմամբ, ասել է ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Դավիթ Հարությունյանը։
Նրա խոսքով, եթե համադրեն 2008 թվականի և 2018 թվականի ընդդիմության իրավունքները, տարբերությունը վիթխարի է. «2008 թվականին այս ընտրական տեղամասի անդամների 98 տոկոսը ներկայացնում էին գործող իշխանությունը, այսօր գործող իշխանությունը ներկայացնում է կեսից պակաս։ Ընդամենը մեկ օրինակ է։
Ընդդիմության ձայնը պետք է շարունակի լսելի լինել խորհրդարանում, որովհետև հենց ուժեղ ընդդիմությունն է, որ մշտապես շնչում է իշխանության թիկունքում և թույլ չի տալիս, որպեսզի իշխանությունը կատարի սխալ քայլեր։ Դա եղել է նաև հենց նպատակը, թե ինչու 2008-ից ընդլայնվել են ընդդիմության իրավունքները։ Այդ իրավունքների ընդլայնման շնորհիվ էր, որ Հայաստանում տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ գարնան:
Մենք իրավունք չունենք կրկնելու նախկին սխալները, այն իրավիճակը, որ եղել է մինչև 2008 թվականը, երբ ընդդիմության ձայնն ընդհանրապես լսելի չէր։ Դա է եղել իմ քվեարկության հիմնական նպատակը՝ խորհրդարանում լսելի դարձնել ընդդիմության ձայնը»։
Խոսելով ընտրախախտումների մասին, Դ. Հարությունյանն ասել է, որ մանր, տարբեր ընտրախախտումների մասին տեղեկացված են, սակայն չի կարող ասել, որ դրանք շատ լուրջ են այս պահի դրությամբ. «Լինում են որոշակի քարոզչության դեպքեր, դեպքեր, երբ քվերաթերիթկները դրվում են ոչ այն հերթականությամբ, ինչ նախատեսված էր օրենքով։ Ընդհանուր առմամբ, 2016 թվականին մշակված Ընտրական օրենսգիրքը, այն ընտրական մեխանիզմը, որն այսօր կիրառվում է՝ սկսած էլեկտրոնային սարքավորումներից, վերջացրած դրոշմակնիքներից, հնարավորություն են ընձեռում, եթե ոչ իսպառ վերացնել ընտրախախտումները, այլ 99,9 տոկոսով վերացնել հնարավոր ընտրախախտումները, իսկ ընտրախախման դեպքում բացահայտել դրանք հետագայում»։
Նա նշել է, որ այս ընտրություններն իրենց ձևի առումով չեն տարբերվում 2017 թվականի ընտրություններից։
«Ցավոք սրտի, աննախադեպ է մեկ բան. երբևէ չի եղել, որ որևէ կուսակցություն պայքարի, որպեսզի ուրիշ կուսակցությունը չընտրվի խորհրդարանում։ Յուրաքանչյուր կուսակցություն պայքարել է, որպեսզի շահի ընտրողի ձայները։ Այս ընտրապայքարն այդպիսին էր, երբ բազմաթիվ կուսակցություններ պայքարում էին ոչ թե հանուն ընտրվելու, այլ ընդդեմ մեկ կուսակցության։ Աննախադեպ էր ատելության մթնոլորտը, որը ձևավորվեց Հայաստանում այս ընտրապայքարի ընթացքում, հասարակության բաժանումը սևերի և սպիտակների։ Ցավոք սրտի, բովանդակային առումով դա հետքայլ է»,-ասել է Դ. Հարությունյանը։
Դ. Հարությունյանի խոսքով, ընտրապայքարն ՀՀԿ երիտասարդ թիմն է առավել ակտիվ իրականացնում, որովհետև ստանձնել է պատասխանատվությունը, կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը հետաքրքրվում, թե ինչ են անում։
Հարակից հրապարակումներ`
- Շատերն իրենց հիասթափությունն արտահայտելու եղանակ գտնել են ուղղակի ընտրության չգնալը. Արփինե Հովհաննիսյան
- Քվեարկել եմ հանուն Հայաստանի, որտեղ քաղաքացին է որոշելու՝ ով է լինելու իր իշխանությունը. Վանեցյան
- Քարոզարշավին որևէ արտառոց դեպք տեղի չի ունեցել. ՀՀ ոստիկանապետ
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ