ՊՆ. Թեժ գծով ստացված զանգերի 35%-ը նախարարության իրավասությունից դուրս են եղել
Դեկտեմբերի 9-ին` ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության օրը, ժամը 08:00 մինչև 20:00 գործել է ՀՀ ՊՆ թեժ գիծը: Թեժ գծով ստացվել է 55 զանգ, որոնք հիմնականում վերաբերել են ընտրությունների կազմակերպման, զորամասերից զինծառայողների տեղափոխման, արձակուրդում գտնվող ժամկետային զինծառայողների քվեարկության հարցերին: Զանգերի մոտ 35%-ը ՊՆ իրավասությունից դուրս հարցեր են եղել և քաղաքացիներն ուղղորդվել են այլ գերատեսչություններ: Քաղաքացիներին տրվել են համապատասխան պարզաբանումներ:
ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ահազանգեր են եղել այն մասին, որ զինծառայողները ընտրական տեղամաս են մտնում շարային կարգով, սակայն տեղում կատարված ուսումնասիրություններով պարզվել է, որ նման պատկերացում ձևավորվել է թյուրիմացաբար և խոսքը վերաբերում է հերթով ու խմբերով ընտրական տեղամաս մուտք գործելու գործընթացի կազմակերպմանը:
Բարձրացվել է արձակուրդում գտնվող պարտադիր ժամկետային զինծառայողների քվեարկության կազմակերպման հարցը: Պարզաբանվել է, որ այդ մասով առկա են որոշ իրավական բացեր, ուստի առաջարկն ընդունվել է ի գիտություն և համակարգային լուծումներ գտնելու նպատակով կքննարկվի իրավասու կառույցների հետ:
Խախտումների վերաբերյալ ՊՆ թեժ գծով ահազանգեր չեն ստացվել: