Ովքեր պետք է հեռացնեն անօրինական քարոզչապաստառները շենքերի պատերից ու մուտքերից
ՀՀ ընտրական oրենսգիրքը սահմանում է նախընտրական քարոզչության մի շարք կանոններ, այդ թվում՝ նաև բնակելի բազմաբնակարան շենքերի պատերին քարոզչապաստառներ փակցնելու հետ կապված, որոնց ոտնահարումը նկատելի էր նաև այս նախընտրական շրջանում։
Մասնավորապես, բնակելի շենքերի մասով ԸՕ համապատասխան հոդվածը սահմանում է, որ անվճար քարոզչական պաստառ կարող է փակցվել միայն շենքերում հատուկ այդ նպատակով առանձնացված տեղերում, որը ներկայացվում է ԿԸՀ կողմից։
Սակայն, օրենքով սահմանված տեղերից բացի, տարբեր կուսակցություններ անօրինական ձևով պաստառներ են փակցրել թե շենքերի մուտքերում, թե վերելակների մեջ, և ոչ միայն սոսնձի միջոցով, այլև պատերը ծակելով և տախտակներ ամրացնելով։
Օրինական և անօրինական պաստառների, դրանց հեռացնելու, պատերի վրայի անցքերը վերացնելու հետ կապված հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցեց Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության Ժ/պ Հովհաննես Պետրոսյանի հետ, ով նշեց. «Այս արտահերթ խորհրդարանական ընտրություններին 435 անվճար գրատախտակներ են տեղադրվել Երևան քաղաքի շենքերի վրա, որտեղ կարող էին քարոզչական պաստառներ փակցնել, դրանցից դուրս փակցված բոլոր պաստառներն անօրինական են։ Օրինական ձևով փակցված բոլոր պաստառները հեռացվում են համատիրությունների կողմից, որի մասին հանձնարարական տրվում է քաղաքապետարանից»։
Հարցին, թե տեղյա՞կ եք, որ մուտքերում ևս պատերի վրա անցքեր են արել, պաստառներ կպցրել, գովազդի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը նշեց, որ կոնկրետ հասցներ չգիտի, բայց նաև չզարմացավ, որ կան այդպիսի դեպքեր։
Իսկ թե դրանց հանելը ու անցքերը վերացնելը ու՞մ գործը պիտի լինի՝ կուսակցությունների՞, թե՞ համատիրությունների, Պետրոսյանը պատասխանեց. «Դրանք պետք է փակցնողների կողմից հանվեին, սակայն եթե այս ընթացքում չեն հանվել, պետք է մաքրվեն, անցքերը փակվեն համատիրությունների կողմից, ինչպես որ օրինական ձևով փակցված բոլոր պաստառները»։
Նշենք, որ շենքերի պատերին, մուտքերում անօրինական փակցված պաստառների համար օրենքով որևէ տուգանք չի սահմանվում։