Լևոն Բարսեղյանն առաջարկում է գյումրեցիներին զենք կրելու իրավունք տալ
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպության հիմնադիր, Գյումրիի ավագանու անդամ Լևոն Բարսեղյանն առաջարկում է այդ քաղաքի բնակիչներին զենք կրելու իրավունք տալ՝ հաշվի առնելով փաստը, որ այնտեղ է տեղակայված ռուսական ռամաբազան։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին Գյումրի քաղաքի Մայակովսկի փողոցի տներից մեկի դիմացից շտապօգնության մեքենայով «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն է տեղափոխվել 1961 թվականին ծնված Շիրակի մարզի բնակիչը, ով հիվանդանոցում մահացել է: Նրա մոտ ախտորոշվել է «պոլիտրավմա, գանգուղեղային փակ վնասվածք, կրծքավանդակի փակ վնասվածք, տրավմատիկ շոկ, կոմա։ Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ կնոջ սպանության կասկածանքով ձերբակալվել է ռուս զինծառայող։
«Կա անմեղության կանխավարկած, բայց համբերությունս չի հերիքում: Ավետիսյանների սպանությունից հետո 200 անգամ ասացի և շատերն ասացին, որ բազայի զորամասերը, քանի դրանք այստեղ են, հարկավոր է կոշտ հսկողության տակ առնել, մասնավորաբար. արտաքին փշալարերով փակել, տեսախցիկներ տեղադրել, լուսարձակներ, ուղիղ հսկման կենտրոն ստեղծել, որպեսզի փախուստները կամ չարտոնված ելքերը արագ արձանագրվեն, զինվորականների բոլոր ելքերը պիտի նախապես իրազեկվեն ՀՀ իշխանություններին, զինվորականների և մեքենաների տեղաշարժերը զորամասից այլ զորամաս կամ այլ վայրեր, պիտի ուղեկցվեն ՀՀ իշխանությունների կողմից (ռազմ. ոստիկանություն, ՃՈ կամ այլ մարմիններ):
Այդ և ավելի կատարելագործված համակարգի ներդրման դեպքում, որևէ չարտոնված տեղաշարժ արագ արձագանքի և տագնապ հայտարարելու հիմք էր տալու և կանխարգելելու էր հնարավոր հանցագործությունները: Չարվեց իհարկե, մեկը չեղավ՝ զանգեր հարցներ՝ ի՞նչ անենք, որ գյումրեցիք պաշտպանված լինեն: Մի քանի սպայի հետ քաղաքային և պետական իշխանությունները նստեցին գյալաջի արեցին, ասին՝ սաղ լավ է ու պրծ:
Ռազմաբազայի այլանդականոցը ակնհայտորեն փորձանք է դարձել գյումրեցիների և մյուսների գլխին: 1998, շուկայում ավտոմատների կրակոցներից սպանվեցին երկու հոգի, 14 հոգի ծանր վիրավորվեցին, երկու հոգի դատվեցին Հայաստանի դատարանում և տեղափոխվեցին Ռուսաստան, 2013 թ. երկու երեխա Կամխուտ հրաձգարանում այդ զորքի թողած և չմարած զինամթերքի պայթյունից մահացան, ոչ մեկին մեղադրանք չներկայացվեց, ու ոչ ոք չդատվեց, այդ հրաձգարանը մինչև հիմա պայթած ու չպայթած զինամթերթի թափոնների վայր է առանց պարսպի կամ արգելապատնեշի, 2015 թ. Ավետիսյաների չբացահայտված սպանություն, առանց մոտիվի բացահայտման գործը սարքեցին մի զինվորի վրա, դատեցին բազայի տարածքում, տարան Ռուսաստան, հիմա էլ էս պատմությունը, որը, ճշմարիտ է, չի բացահայտված, բայց կարծում եմ կբացահայտվի, մեղավորին երևի էլի կդատեն, կտանեն Ռուսաստան: Անցած տարիներին բազայի զինծառայողների մասնակցությամբ բազմաթիվ այլ հանցագործություններ էլ են եղել, հարբածների կռվի, վթարներ, ՀՀ քաղաքացիներին պատճառված գույքային վնաս և այլն, Ավետիսյանների սպանությունից հետո բազայի մի զինծառայողի գտան սպանված և այլն:
Հիմա հապաղել չի կարելի: Հայաստանը նոր իշխանություն ունի, որը ժողովրդական է, ժողովրդից ընտրված: Նման հանցագործությունների կանխարգելման համալիր ծրագիր պիտի գործարկվի, հարկավոր է ռուսական կողմին կարգի հրավիրել, վերոհիշյալ կամ այլ միջոցառումներ և գործղություներ պիտի ձեռնարկել, որպեսզի իրենց զորամասերից քթները հանելիս, հաստատ իմանան, որ հազար աչքով և զենքով հսկում են իրենց:
Ժողովրդին զենք կրելու հնար պիտի ստեղծել, օրենքով իրավուք է տալ, սարսափելի բան չի լինի, բոլորը կիմանան, որ բոլոր զենք ունենալու իրավունքն ունեն, հատկապես կարևոր է, որ բազայի զինծառայողները իմանան: Կամ բոլորը, ով փող ու հնար ունի, պիտի գնա՝ զոռով տեղ դառնա որսորդական միության ձևական անդամ, ոստիկանությանն թույլտվությամբ զենք զինամթերք առնի, զինված լինի գոնե տանը: Որսորդականը թեթև զենք չէ, առնել դուրս գալ չի լինի ամեն առավոտ-գիշեր: Գազաբալոն, և այլ հատուկ միջոցներ բոլորը չէ, որ կարող են իրենց թույլ տալ առնել: Բա մյուսներն ի՞նչ անեն, տնից դուր չգա՞ն ...
Սա հին և չմոռացվող մարտահրավեր է իշխանություններին և մեզ բոլորիս: Սա կուլ տալ չի կարելի: Ու եթե հաստատվի, որ մեղավորը բազայի զինծառայող է, անկախ այն հանգամանքից՝ կդատեն թե չեն դատի կամ դատելով կփախցնեն այստեղից, ոչ ոք վրեժի չի կարողանալու երաշխավորել: Ատելությունը քանի գնալու, խորանալու է, կլինեն մարդիկ, որ առիթ բաց չեն թողնելու վանելու զինծառայողներին մեր միջավայրից և սպասարկման օբյեկտներից»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Լևոն Բարսեղյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունն արձագանքում է Գյումրիում 57-ամյա կնոջ մահվան մասին հրապարակումներին
- Գյումրիում ռուս զինծառայողը սպանել է ծառայակցին ու ինքասպան եղել
- Ավետիսյանների սպանության գործով ընդդեմ Ռուսաստանի գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ