Խորեն Զարգարյան. «Ստիպված էինք մի քանի անգամ փոխել խաղացանկը»
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցումների կազմակերպման և անցկացման բաժնի պետ Խորեն Զարգարյանը ՀՖՖ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում ամփոփել է Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի 2018/2019 թթ. առաջնության առաջին խաղաշրջանը և խոսել երկրորդ խաղաշրջանի հետ կապված ծրագրերի մասին:
«Անհրաժեշտություն կա հանրությանը ներկայացնել այն խնդիրները, որոնք ունեցավ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը մրցաշրջանի մեկնարկից առաջ: Մի քանի անգամ կազմեցինք խաղացանկ` նախ 10 թիմով, հետո փոխեցինք, իսկ մրցաշրջանի մեկնարկից մի քանի օր առաջ հայտարարվեց, որ կմասնակցի 9 թիմ: Կրկին այս փոփոխությունն արտացոլվեց խաղացանկի վրա, հետևաբար ունեցանք որոշ թերություններ:
Լինելով նախկին ֆուտբոլիստ` հասկանում եմ, որ բավական դժվար է երեք շաբաթում խաղալ 6-7 խաղ, սակայն մենք պետք է հաշվի առնենք, որ ունենք 36 տուր, գումարած դրան` գավաթային խաղերը: Հաշվի ենք առել նաև ազգային հավաքականի միջազգային հանդիպումների օրերը, նաև այն, որ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով դեկտեմբերից մինչև փետրվար ամիսները չենք կարողանում խաղ նշանակել:
Հարկ եմ համարում նշել, որ առաջիկայում կստեղծվի աշխատանքային խումբ, որտեղ ներգրավված կլինեն բոլոր շահագրգիռ կողմերը, ովքեր հնարավորություն կունենան ներկայացնել իրենց առաջարկները` հաջորդ մրցաշրջանում առկա խնդիրները վերացնելու համար: Համոզված եմ, որ գալիք մրցաշրջանում կունենանք բարձրակարդ խաղացանկ և կանոնակարգ:
Հաջորդ մրցաշրջանում պատշաճ ուշադրություն է դարձվելու կարգապահական, էթիկայի և մեդիա ոլորտներին, որոնք ևս բարձրակարգ առաջնություն ունենալու մաս են կազմում: Կփորձենք աստիճանաբար բարձրացնել Հայաստանի առաջնության մակարդակը, որը կնպաստի Հայաստանի հավաքականին բարձր մակարդակի ֆուտբոլիստներ տրամադրելուն»,- ասել է Զարգարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ