Ծրագիրը կօգնի Հայաստանին էներգետիկ շուկայի ազատականացման հարցերում. Բրոք Բիրման
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ, USAID) Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխնախագահ Բրոք Բիրմանն այսօր հանդիպմանը քննարկել են Հայաստանում մեկնարկող Շուկայի ազատականացման և էլեկտրաէներգիայի առևտրի հնգամյա ծրագիրը։
Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ծրագրով նախատեսվում է էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացում, նոր մեխանիզմների և ինստիտուտների ներդրում, միջպետական առևտրի հետ կապված հարցերի կարգավորում, օրենսդրական դաշտի բարեփոխում:
«Արդյունքում, համոզված եմ, ունենալու ենք նաև փոխշահավետ համագործակցություն միջպետական առևտրի տեսանկյունից, մասնավորապես, Վրաստանի հետ: Մի քանի տարի հետո մենք կկարողանանք փոխշահավետ առևտուր իրականացնել ինչպես ներկրման, այնպես էլ արտահանման տեսանկյունից, ավելացնել մեր փոխադարձ առևտրի ծավալները»,- ասել է Գարեգին Բաղրամյանը:
Բրոք Բիրմանն իր հերթին, գոհունակություն է հայտնել նախարարության հետ համատեղ աշխատանքից՝ կարևորելով էներգետիկ անկախությունը ցանկացած երկրի համար:
«Այս 8 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ ծրագիրը կօգնի Հայաստանին էներգետիկ աղբյուրների դիվերսիֆիկացման, էներգետիկ շուկայի ազատականացման հարցերում և կնպաստի նրա էներգետիկ անկախությանը: Նպատակը հստակ է. Հայաստանի էներգետիկ ոլորտը գրավիչ դարձնել ներդրողների համար` մեծացնելով ոլորտի թափանցիկությունը, հաշվետվողականությունը և մրցունակությունը: Միասին աշխատելով` մենք կարող ենք օգնել Հայաստանին հարևան Վրաստանի և Եվրամիության հետ տնտեսական կապերի ամրապնդման հարցում»,- ասել է Բրոք Բիրմանը:
MLET ծրագրի շրջանակում օժանդակություն կցուցաբերվի Հայաստանի կառավարությանը՝ էներգետիկ ռազմավարության վերանայման և էներգետիկ բնագավառի զարգացման երկարաժամկետ ծրագրի մշակման հարցում:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին