Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը հայտարարել է իր հրաժարականի մասին
Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը հայտարարել է, որ հրաժարական է տալիս՝ օրեր անց, երբ նրա կոալիցիոն կառավարության գործընկերը դուրս եկավ կառավարությունից միգրացիոն գործարքի պատճառով։
Ինչպես գրում է BBC-ն, Միշելը կորցրեց ազգայնական «Նոր ֆլամանական ալյանս» կուսակցության աջակցությունը, քանի որ վարչապետը նախորդ շաբաթ Մարաքեշում ստորագրել էր ՄԱԿ-ի միգրացիոն գործարքը։ Այս քայլը հանգեցրեց Բրյուսելում բողոքի ակցիաների՝ ընդդեմ ՄԱԿ-ի պակտի։
Վարչապետ Միշելը հրաժարականի իր որոշման մասին հայտնել է թագավոր Ֆիլիպին, սակայն թագավորը դեռևս չի հայտարարել՝ ընդունում է նրա հրաժարականը, թե ոչ։
Բելգիայում հաջորդ ընտրությունները նախատեսված են 2019թ.-ի մայիսին, սակայն վարչապետի հրաժարականի դեպքում հնարավոր է անցկացվեն վաղաժամ ընտրություններ։
Միգրացիոն գործարքը, որը իրավական պարտադիր ուժ չունի, փնտրում է միջազգային մոտեցում միգրացիային, որը վերահաստատում է պետությունների սուվերեն իրավունքները՝ որոշելու իրենց ազգային միգրացիոն քաղաքականությունն ու հաստատում օրինական միգրացիայի հիմնարար կարևորությունը։