Ավետիսյանների սպանության տարելիցին Գյումրիում պիկետ կանցկացվի
Հունվարի 12-ին՝ շաբաթ օրը, ժամը 12-ին Գյումրիում ռուսաստանյան զորամասերից մեկի մոտ՝ Շիրակացի փողոցում, տեղի կունենա բողոքի պիկետ այդ բազայի զինծառայողների շարունակվող հանցագործությունների դեմ: Ֆեյսբուքյան իր էջում իրազեկել է Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը։
Նա գրել է. «Այդ օրը լրանում է 4 տարի այն օրվանից, երբ, ըստ պաշտոնական վարկածի, ժամկետային զինծառայող Պերմյակովը սպանեց Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքը, եւ կլրանա 40 օր այն օրվանից, երբ պայմանագրային զինծառայող Ռազգիլդյայեւի դաժան ծեծից հետո մահացավ աշխատանքի գնացող 57-ամյա Ջուլիետա Ղազարյանը: Հանրության շրջանում արմատացած կասկածներ կան, որ ամբողջությամբ չի բացահայտվել Ավետիսյանների սպանության գործը և՝ չի բացահայտվելու Ջուլիետա Ղազարյանի վրա իրականացված հարձակման կամ սպանության գործը: Երկու դեպքում էլ կասկածյալները հայտնվել են ռազմաբազայի հսկողության տակ եւ չեն փոխանցվել ՀՀ իրավապահներին՝ հակառակ միջպետական համաձայնագրի պահանջներին: Երկու դեպքում էլ ՀՀ դատախազները այդ խախտումը չեն գնահատել որպես այդպիսին և դրությունները մեկնաբանել են հօգուտ ՌԴ քաղաքացի զինծառայողների: Չեն փարատվել հանրության կասկածներն առ այն, որ երկու դեպքում էլ Հայաստանի իրավապահներն են գտել կասկածյալներին եւ հանձնել բազայի հրամանատարությանը:
1999 թվականից ի վեր ռուսաստանյան 102 ռազմաբազայի ծառայողների հանցագործությունների պատճառով սպանվել կամ զոհվել են Հայաստանի 12 քաղաքացի և տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել 14 քաղաքացի, բացի այդ զորամասերի տարածքներից դուրս տեղի են ունեցել ՌԴ զինծառայողների մասնակցությամբ մեկ տասնյակից ավելի այլ հանցագործություններ»։