Ժողովուրդը Լևոն Տեր-Պետրոսյանի վերադարձը չի հանդուրժի. Լևոն Շիրինյան
Վերջին օրերին մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում աշխատել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ և փորձում է ելքեր գտնել նրանից ազատվելու համար: Ըստ նույն նայդ լուրերի՝ Փաշինյանին այդ պաշտոնում պետք է մարդ, որը կօգնի նրան Արցախի խնդրի կարգավորման հարցում, և նոր իշխանությունների համար այս խնդրի լուծման տեսանկյունից լավագույն տարբերակ է համարվում նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Նշված սցենարով զարգացումների հնարավոր հետևանքների շուրջ Panorama.am-ի թղթակիցը խոսեց քաղաքագետ Լևոն Շիրինյանի հետ։
Panorama.am- Պարոն Շիրինյան, Նիկոլ Փաշինյանին իշխանության բերած ժողովուրդը կհանդուրժի՞, որ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին ՀՀ նախագահ դառնա։
Լևոն Շիրինյան- Ժողովուրդը նման բան չի հանդուրժի։ Դա շատ կարևոր է։ Երկրորդ, ես դա հերյուրանք եմ դիտում։ Սա խորքային պետության դեմ հակագրոհ է, որը կատարվում է արդեն մի քանի ամիս։ Սա հակագրոհ է հեղափոխության դեմ, և բնական է՝ պետք է ուղղվի Նիկոլ Փաշինյանի դեմ։ Ես սա դիտում եմ նախկին ռեժիմի կողմից մեր պետության դեմ տեղեկատվական քայքայիչ աշխատանք։ Ժողովուրդը 100 տոկոսով չի հանդուրժի, Լևոն Տեր-Պետրոսյանին վերադարձնելու լուրերն աբսուրդի ժանրից են։
Panorama.am- Ձեր կարծիքով, Նիկոլ Փաշինյանն ի վերջո չի՞ գնա նման քայլի։
Լևոն Շիրինյան- Չեմ կարծում, որ կգնա։ Մարդը, եթե կարողացավ ժողովրդին ամբողջ մոլորակով ոտքի կանգնեցնել, այդքան հեռատեսություն կունենա։
Panorama.am- Որպես Լևոն Տեր- Պետրոսյանին մեծ քաղաքականություն վերադարձնելու հիմք՝ նշվում է, որ վերջինս Փաշինյանին կօգնի Արցախի խնդրի կարգավորման հարցում։ Ինչպե՞ս եք վերաբերում այդ փաստարկին։
Լևոն Շիրինյան- Բացառված է։ Ղարաբաղի հարցը մեկընդմիշտ լուծված է, թող ձեռքերը չտաքացնեն։ Խոսքը միջազգային ճանաչման մասին է, դա էլ մի օր կլինի։ Այնպես որ, այդ հարցը գոյություն չունի։ Ավելի լավ է մտածենք՝ ինչպես ենք Նախիջևանը վերադարձնելու։
Panorama.am- Պարոն Շիրինյան, կարծում եք՝ Լևոն Տեր-Պետրոսյանն անձնապես շահագրգռվա՞ծ է այս շրջափուլում մեծ քաղաքականություն վերադառնալ։
Լևոն Շիրինյան- Այո, նա բացասական իմաստով հայկական Մաքիավելին է, որը հայ ժողովրդի կյանքի ու շահերի հետ ոչ մի կապ չունի։ Սա հինգերորդ շարասյունն է, սա հակապետական ուժ է։