Ավետիսյանների սպանության 4-րդ տարելիցի օրը Գյումրիում բողոքիա ակցիա անցկացվեց
Այսօր՝ Ավետիսյանների 6 հոգանոց ընտանիքի սպանության 4-րդ տարելիցի օրը, Գյումրու ռուսական զորամասերից մեկի մոտ տեղի ունեցավ բողոքի ակցիա:
Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ հանրահավաքը յուրօրիանակ բողոք է ռուսական ռազմաբազայի զինծառայողների կողմից շարունակական հանցագործությունների ու ամենաթողութան դեմ։
Նշենք, որ գյումրեցիները բողոքի ակցիային ներկայացել էին «Բազա, ձեր գազաններին պահեք վանդակներում, մենք պատասխանատու չենք» հայերեն և ռուսերեն գրությամբ պաստառներով:
Հավաքվածները պահանջագրեր ներկայացրին ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ՝ Ռուսաստանի Դաշնության իշխանություններին: Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը հիշեցրեց, որ պահանջագրեր ներկայացվել էին դեռևս 4 տարի առաջ՝ Ավետիսյանների ընտանիքի սպանության դեպքից անմիջապես հետո:
Ակցիայի մասնակիցները նաև հիշեցրեցին 2018-ի տարեվերջին՝ դեկտեմբերի 2-ին, ռուսական 102-րդ ռազմաբազայի մեկ այլ զինծառայողի կողմից Գյումրիում իրականացված մեկ այլ սպանության մասին, երբ զինծառայողի ծեծի հետևանքով մահացել էր գյումրեցի 57-ամյա բնակչուհի Ջուլիետա Ղուկասյանը:
Հիշեցնենք, որ Ավետիսյանների 6 հոգանոց ընտանիքի դաժան սպանությունը Գյումրիում տեղի էր ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին։
Պաշտոնական մեղադրանքի համաձայն՝ ոճիրն իրականացրել էր Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պավելի Պերմյակովը, ում նկատմամբ քրեական գործ էր հարուցվել: Վալերի Պերմյակովը մեղադրվել էր ՀՀ օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 8-րդ կետերով (նախատեսում է ցմահ ազատազրկում), 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով (ազատազրկում 10 տարի ժամկետով) և 34-329 հոդվածի 1-ին մասով (ազատազրկում 2 տարի ժամկետով): Դատարանը, սակայն, չէր անդրադարձել Վալերի Պերմյակովի պատժի կրման վայրին:
Ավելի ուշ ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնել էին, որ ՀՀ արդարադատության նախարարություն է ստացվել Ռուսաստանի Դաշնության դատարանի որոշումը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից 2016 թվականի օգոստոսի 23-ին կայացված դատավճիռը ճանաչելու և Ռուսաստանի Դաշնության տարածքում կատարելու մասին:
Ինչ վերաբերում է գյումրեցի 57-ամյա կնոջ սպանությանը, ապա, հիշեցնենք, սպանության մեջ կասկածվող ռուս զինծառայող Ա. Ռ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով: Դեկտեմբերի 12-ին ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Ա.Ռ-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Հարակից հրապարակումներ`
- Ավետիսյանների սպանության տարելիցին Գյումրիում պիկետ կանցկացվի
- Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունն արձագանքում է Գյումրիում 57-ամյա կնոջ մահվան մասին հրապարակումներին