Մարուքյանը կրեդիտ տվեց Միրզոյանին
«Որոշել ենք ԱԺ նախագահի պաշտոնում թեկնածու չառաջադրել, քանի որ մեծամասնության թեկնածուին չընտրելու խնդիր չունենք»,- այսօր խորհրդարանում ԱԺ նախագահի թեկնածության հարցի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«ՀՀ-ում Ազգային ժողովի դերը պատմականորեն ցածր է եղել, միշտ խոսվել է ԱԺ դերի բարձրացման մասին և ինչքան խոսվել է դրա մասին, այնքան այդ դերը նվազեցվել է: Այսօր Հայաստանը կանգնած է բաց մի հնարավորության առաջ, որը կարող ենք օգտագործել ու նոր ռելսերի վրա դնենք երկիրը. տանել առաջ կամ կարող ենք հին ձևակերպումներով ու կարած կոստյումները հանգնելով՝ շարունակել ապրել: Մենք գտնում ենք, որ Ազգային ժողովը պետք է լինի լոկոմոտիվ։ Ազգային ժողովը պետք է վեր կանգնի իր քաղաքական մեծամասնությունից ու լինի բոլորի նախագահը՝ լինելով անաչառ արբիտր»,- ասաց Մարուքյանը:
Դիմելով իշխող ուժից ԱԺ նախագահի թեկնածու Արարատ Միրզոյանին՝ ասաց. «ԱԺ նախագահի թեկնածու մենք չենք առաջադրել և կարծում ենք, որ այդ հարցում «մրցակցություն» չկա: Մենք քննարկել ու որոշել ենք մասնակցել ԱԺ նախագահի ընտրության քվեարկությանը և կողմ քվեարկել ներկայացված թեկնածությանը: Ես ուզում եմ ասել, որ սա ըստ էության, կրեդիտ է, որը, որպես ԱԺ նախագահ, դեռևս պետք է վաստակել: Այսինքն՝ այն, ինչ ունենք, դա մենք գիտենք՝ մենք ձեզ ընտրում ենք ԱԺ նախագահ, բայց մենք չգիտենք, թե ինչպիսի նախագահ եք լինելու: Մենք ձեզ կրեդիտ ենք տալիս, որ ժամանակի ընթացքում քայլ առ քայլ ցույց տաք, որ բոլորի ԱԺ նախագահն եք, շենքում եք արդարություն ապահովում, դրսում եք բարձր պահում ԱԺ դերը և ամեն ինչ անում եք, որ ԱԺ-ն դուրս գա գործադիրի կցորդը լինելու դերից»։
Էդմոն Մարուքյանը նաև շնորհակալություն հայտնեց վեցերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավորներին՝ նշելով. «Նրանց կատարած աշխատանքի, խոհեմության, իմաստնության համար։ Ճգնաժամային ծանր օրերում այս շենքում ես տեսել եմ այդ խոհեմությունը»։
Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ԱԺ ընդդիմադիր փոխանախագահի պաշտոնում առաջադրել է Մանե Թանդիլյանի թեկնածությունը։
Հարակից հրապարակումներ`
- Գործադիր իշխանությունում իմ պարեկն ավարտված է. Արարատ Միրզոյան
- Արարատ Միրզոյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու
- ԲՀԿ-ն ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրել է Էնֆիաջյանի թեկնածությունը
- ԱԺ փոխնախագահի պաշտոնում «Լուսավոր Հայաստանը» կառաջադրի Թանդիլյանի թեկնածությունը