Ինձ չեմ համարում օլիգարխ, մեծ կարողություն չունեմ. նորընտիր պատգամավոր
«Իմ քայլ»-ը դաշինքի նորընտիր պատգամավոր Տիգրան Կարապետյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում չհերքեց, որ նախկինում գործարար է եղել, սակայն շեշտեց, որ ինքը խիստ առանձնահատուկ՝ ռազմաարդյունաբերության ոլորտով է զբաղվել։
«Մենք այսօր խնդիր ունենք մեր ռազմարդյունաբերության ոլորտը զարգացնելու, և օրենսդիր դառնալու իմ հիմնական պատճառներից մեկը սա էր»,- ասաց նա։
Նրա խոսքով, նոր Հայաստանում, նոր իրողություններով պայմանավորված, ստեղծվել է պատմական հնարավորություն՝ զարգացնելու ռազմարդյունաբերական ոլորտը.
«Սա ոչ միայն բիզնես է, այլ երկրի ինքնիշխանության ամրապնդման կարևորագույն գրավականներից մեկը»։
Դիտարկմանը, որ ինքը հայտարարագրել է 106 մլն դրամ, 230 հազար ԱՄՆ դոլար, ինչպես նաև «Գորիս Գամմա» ընկերության 10 տոկոսի փայատեր է հանդիսանում, ուրեմն ինչո՞ւ մուտք գործեց քաղաքականություն, Կարապետյանը պատասխանեց.«Ռազմարդյունաբերությունը խիստ սպեցիֆիկ ոլորտ է, ցավոք, վերջին տասնամյակներում մենք չկարողացանք այս ոլորտը ձևավորել։ Պետք լինի մարդկանց խումբ, որոնք հետևողական կաշխատեն, ես այդ մարդկանցից մեկն եմ, քանի որ ոչ միայն զբաղվել եմ գործարարությամբ, այլև բարձրաձայնել եմ հիմնախնդիրների մասին։ Ասեմ ՝ ինձ չեմ համարում օլիգարխ, մեծ կարողություն չունեմ։ Այո, «Գորիս գամմա» ընկերությանը, այո, մեր ընտանիքն արդեն 30 տարի է զբաղվում է։ Կարծում եմ ՝ սա նաև առավելություն է, քանի որ մեր ընտանիքն հաջողվեց փրկել մի ընկերություն, որը նախկին Խորհրդային միությունից ստացած ժառանգություն էր»։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ