Թանդիլյանը հորդորեց քննարկել Միրզոյանի՝ «օդում կախված լուրերը»
«Դուք արդյոք խոսել եք ձեր գործընկեր Արարատ Միրզոյանի հետ, ճշտելու «օդում կախված լուրերի» ակունքները, երեխաների օրգանների վաճառքի հետ կապված և արդյոք այդ հարցով դիմել եք իրավապահ մարմիններին»,- այս մասին խորհրդարանում առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Նարեկ Զեյնալյանին հարցրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:
Թեկնածուն ասաց, որր առաջին անգամ է այդ մասին լսում. «Եթե կա նման խնդիր, պետք է դիմել իրավապահ մարմիններին։ Կներեք, ճիշտն ասած, ինֆորմացիա չունեմ սրա հետ կապված»։
Մանե Թանդիլյանը հորդորեց հարցը քննարկել Արարատ Միրզոյանի հետ. «Պետք է հասկանալ, թե որքանով են ճշգրիտ այդ տվյալները: Ես ղեկավարել եմ ոլորտը և նման տեղեկատվություն, անգամ ոչ անվանական, եթե եղել է, մենք դիմել ենք իրավապահներին»:
Հարցուպատասխանին արձագանքեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ նշելով. «Խոսքը ոլորտում առկա բավականին դաժան միջազգային մաֆիայի մասին է, և հնարավոր ռիսկերից, այդ մաֆիայի ճիրաններում հայտնվելու ռիսկերից խուսափելու համար Հայաստանի կողմից կիրառվող ջանքերի, պրոցեսի վերահսկման մասին է»: