Փոստանջյան. Ոստիկանությունը ցուցաբերել է անգործություն
«Գործադիր իշխանությունը պետք է իր քաղաքականությամբ փաստի, որ հարգում է մարդու իրավունքները։ Փաստաբանի դեմ ոտնձգություններն արդարադատության դեմ ոտնձգություն են»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց այժմ փաստաբանական գործունեությամբ զբաղվող նախկին պատգամավոր, Երևանի ավագանու նախկին անդամ Զարուհի Փոստանջյանը։
Հիշեցնենք, որ գեներալ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի փաստաբաններից Արսեն Մկրտչյանի մեքենայի վրա սպիտակ հեղուկ էին լցրել, նաև թքել նրա մեքենայի վրա։ Դա տեղի էր ունեցել մի քանի տասնյակ ոստիկանների ներկայությամբ։
Փոստանջյանի կարծիքով, պետության ներկայացուցիչները՝ ի դեմս ոստիկանների ցուցաբերել են անգործություն։
«Տվյալ պարագայում այս անգործությունը պետք է դատապարտվի, նման հայտարարությամբ հանդես կգա Փաստաբանների պալատը։ Ցանկացած մարդ իրավունք ունի պաշտպանվելու, ստանալու իրավաբանական ու բժշկական օգնություն ստանալու իրավունք»,-ասաց Փոստանջյանը։
Նրա խոսքով, եթե իրավապահ մարմիններն իրոք ցանկանում էին բացահայտել հանցագործությունը, ապա մի քանի գործերով, այդ թվում Մանվել Գրիգորյանի, պետք է արդեն մեղադրական եզրակացությունները լինեին դատարանում։
«Ո՞ւր են։ Պետք է հանրությունը հասկանա, որ սրանք ուղղակի բեմադրություն են, և իրեն օգտագործում են այդ բեմադրության մեջ»,-նշեց նա։
Հիշեցնենք, որ դատախազությունն ավելի վաղ հայտարարել էր՝ Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանի հանձնարարությամբ Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում նյութեր են նախապատրաստվում Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանի ավտոմեքենան վնասելու առերևույթ դեպքի առթիվ։
Հարակից հրապարակումներ`
- Դատախազություն. Մանվել Գրիգորյանի փաստաբանի մեքենան վնասելու դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում
- Մանվել Գրիգորյանի փաստաբանի մեքենայի վրա թքել են ու հեղուկ շփել