Առաջարկվում է օրենքով պատժել փաստաբաններին վիրավորողներին
Արդարադատության նախարարությունն Իրավական ակտերի նախագծերի միասնական հարթակում հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Նախարարությունից մանրամասնում են՝ օրինագծով առաջարկվում է.
Պատասխանատվություն նախատեսել փաստաբանին կամ նոտարին (կապված նրա մասնագիտական գործունեության կամ լիազորությունների իրականացման հետ) վիրավորանք հասցնելու կամ նրա նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու, ինչպես նաև նրա ընտանիքի անդամի սպանության, առողջությանը վնաս պատճառելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիք ներկայացնելու համար,
սահմանել պատասխանատվություն փաստաբանին զրպարտելու համար:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ փոփոխությունների ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ վերջին շրջանում հաճախ են դարձել փաստաբաններին՝ իրենց մասնագիտական գործունեության ընթացքում վիրավորելու և զրպարտելու դեպքերը:
«Քիչ չեն նաև նոտարներին՝ իրենց մասնագիտական գործունեության ընթացքում վիրավորանք հասցնելու և նրանց նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու դեպքերը: Միաժամանակ հարկ է ընդգծել, որ միայն քաղաքացիաիրավական պատասխանատվությունը արդյունավետ միջոց չի հանդիսանում վերջիններիս արժանապատվությունը և գործարար համբավը պաշտպանելու համար: Այս տեսանկյունից, գտնում ենք, որ քրեական պատասխանատվություն նախատեսելը պրևենտիվ (կանխիչ) նշանակություն կունենա»,-ասված է հիմնավորման մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Փոստանջյան. Ոստիկանությունը ցուցաբերել է անգործություն
- Այսօր թքում են փաստաբանի մեքենային, հաջորդը կարող է լինել ծեծ կամ սպանություն. Արա Զոհրաբյան.
- Դատախազություն. Մանվել Գրիգորյանի փաստաբանի մեքենան վնասելու դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում
- Մանվել Գրիգորյանի փաստաբանի մեքենայի վրա թքել են ու հեղուկ շփել