Չեմ փնտրել այն մարդկանց, ովքեր դեմ էին քվեարկել իմ թեկնածությանը. Ալեն Սիմոնյան
«Արդեն կան «Տոյոտա քեմրիները», դրանք գնվել են մեկուկես տարի առաջ՝ նախորդ ԱԺ ղեկավարության կողմից»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, որ ԱԺ փոխնախագահներին այսուհետ «Տոյոտա քեմրի» մակնիշի ավտոմեքենաներ են սպասարկելու։
«Մամուլի հրապարակումն ով արել է, նա ուղղակի չի ճշտել և ընդունել է, որ չճշտված տեղեկություն է։ Նոր մեքենայի մասին խոսք չի եղել, հակառակը՝ քննարկվում է ԱԺ ավտոպարկում գտնվող մեքենաների քանակը նվազեցնելու հարցը»,- հավաստիացրեց նա։
Հարցին՝ ում են զրկելու սպասարկող ավտոմեքենայից, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ այդ հարցը քննարկման փուլում է։
Իսկ ինքը, որպես ԱԺ փոխնախագահ, այս պահին ի՞նչ մեքենայով է երթևեկում, հետաքրքրվեցին լրագրողները։ «Տոյոտա քեմրի, որը եղել է նախորդ ԱԺ-ի ժամանակ։ Նոր մեքենա չի գնվելու, նման բան չկա»,- պատասխանեց Սիմոնյանը։
Անդրադառնալով դիտարկմանը, որ երեկ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը» խմբակցությանը հորդորել է միաձայն քվեարկել ԱԺ փոխնախագահի թեկնածու Վահե Էնֆիաջյանի օգտին, Ալեն Սիմոնյանը շեշտեց. «Բերվում է իրականությանը չհամապատասխանող հիմնավորում։ Նիկոլ Փաշինյանը որևէ մեկին որևէ բան չի հրահանգել։ Եղել է քննարկում ԱԺ դահլիճում, եղել են տարբեր կարծիքներ և որոշում է կայացվել, որպեսզի տարատեսակ խոսակցությունների տեղիք չտանք»,- ասաց խորհրդարանի փոխխոսնակը։
««Եթե որոշում կայացվեր «Լուսավոր Հայաստանի» թեկնածուին սատարել, պետք է լրագրողները ասեին՝ ինքներդ նշանակում եք ձեզ ընդդիմություն, չէ՞ որ ժողովուրդը այլ կուսակցության է ավելի շատ ձայն տվել։ Մենք մշտապես ասել ենք, որ ժողովրդի ձայնն ավելի կարևոր է։ Մենք եկանք տրամաբանական որոշման առ այն, որ ՀՀ ժողովուրդն իր ընտրությունը կատարել է, և մենք մեզ ընդդիմություն չենք նշանակելու», - լրագրողներին ասաց նա։
Դիտարկմանը, թե Մանե Թանդիլյանն ավելի շատ քվե էր ստացել, քան Վահե Էնֆիաջյանը, Սիմոնյանը նշեց, որ իրենք անհատական քննարկում չեն ծավալել՝ Վահե Էնֆիաջյանն է ավելի լավը, թե Մանե Թանդիլյանը, գնացել է քաղաքական ուժին ձայն տալու հարցը։
Հարցին, որ Մանե Թանդիլյանն ասում է` կայացվեց քաղաքական որոշում և արդյունքը դարձյալ բարդվեց ժողովրդի վրա, ինչպե՞ս կմեկնաբանի ասվածը, նա պատասխանեց. «Ի՞նչ է նշանակում բարդվեց, բա պետք է մենք որոշեի՞նք, թե ով է ՀՀ-ում ընդդիմություն, մենք պետք է այդ նշանակումն անե՞նք, մենք այդ նշանակումը չենք արել, ինչպես նշեցի տարբեր կարծիքների մեջ քննարկվել և որոշվել է, որ դա պետք է լինի հիմնաքարը»:
Ինչ վերաբերում է հարցին` ԲՀԿ-ԼՀԿ փոխնախագահների ընտրության հարցում հաշվի առնվե՞լ է, որ Լուսավոր Հայաստան կուսակցությունը ապրիլին դուրս չեկավ Սերժ Սարգսյանի դեմ պայքարելու և ասում էր, որ իմաստ չկա, Սիմոնյանը ասաց. «Քննարկվել է, թե ինչ հիմք պետք է վերցնենք և ինչ պետք է ասեմ ես, օրինակ, լրագրողներին և ինչպես մենք պետք է հիմնավորենք մեր որոշումը»,- ամփոփեց փոխխոսնակը։
Անդրադառնալով ԱԺ փոխնախագահի պաշտոնում իր թեկնածությանը 20 դեմ ձայնին՝ Սիմոնյանը նշեց, որ նորմալ է վերաբերում դրան. «Չեմ փնտրել այն մարդկանց, ովքեր դեմ էին քվեարկել իմ թեկնածությանը, բայց կարծում եմ՝ դա նշանակում է, որ այնուամենայնիվ, ես ինչ-որ հետաքրքրություն ներկայացնում եմ, և դիմադրություն կա դրա հետ կապված, ինչն ինձ ուրախացնում է»։