Գիտնականներն արգելել են նոր ածխային էլեկտրակայաններ կառուցել
Բրիտանացի գիտնականներն արգելել են մարդկությանը կառուցել «կեղտոտ» էներգետիկայի նոր օբյեկտներ, մասնավորապես, ածխային էլեկտրակայաններ: planet-today.ru-ի հաղորդմամբ, եթե խախտվի այդ արգելքը, ապա գլոբալ տաքացումը հնարավոր չի լինի պահել մեկուկես աստիճանի սահմաններում 21-րդ դարի վերջին: Այդ ժամանակ մարդիկ ստիպված կլինեն գործ ունենալ տաքացման ահավոր հետևանքների հետ:
«Մեկուկես աստիճանը սահմանն է, որը համարվում է հարաբերականորեն անվնաս, սակայն եթե անկեղծ խոսենք, անգամ այդքանը հերիք է որպեսզի, լրջորեն խախտվեն մեր մոլորակի շատ էկոհամակարգեր: Սակայն, արդյոք իրական է նման սահմանափակումը՝ մեծ հարց է, որի շուրջ մտորում են անգամ Փարիզյան համաձայնագրի հեղինակները»,- ասում է Քրիսթոֆեր Սմիթը Լիդսի համալսարանից:
Նրա խոսքով, մարդկությունն ուղղակի պարտավոր է հրաժարվել հանքային վառելիքից, եթե ցանկանում է պահպանել կլիման ներկայիս վիճակով: Հակառակ պարագայում մարդկությանը բազմաթիվ աղետներ են սպասվում՝ Համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացում, երաշտներ և անբերրիություն, համաճարակներ, բազմաթիվ տեսակների ոչնչացում, նաև այլ, ոչ պակաս ահավոր վտանգներ: