«Նուբարաշեն» ՔԿՀ-ն պետք է փակվի, այնտեղ Օսվենցիմից էլ վատ է. Նաիրա Զոհրաբյան
«Չկա մի ոլորտ, որը չի հատվելու մարդու իրավունքներին։ Մենք փորձելու ենք բոլոր թիրախային խմբերին բացատրել իրենց իրավունքները և սահմանել ֆորմուլա՝ հավասար իրավունքներ՝ բոլորին»,- Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը։
Հատկանշական է, որ իր հիմնական ելույթին անցնելուց առաջ պատգամավորը հակադարձեց ավելի վաղ եվրաինտեգրման հանձնաժողովի աշխատանքները թերագնահատած պատգամավոր Անի Սամսոնյանին՝ նշելով, որ շատ բարձր է գնահատում իր նախագահության օրոք հանձնաժողովի ծավալած գործունեությունը։
Անցում կատարելով բուն թեմային՝ Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ արդեն այսօր իր սեղանին դրված է հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչների՝ ցմահ ազատազրկվածների, մանկատան սաների և հոգեբուժարաններում գտնվող անձանց խնդիրների վերաբերյալ մոտ 650 նամակ։
«Մեր աշխատանքի հիմանական ուղղություններից մեկը լինելու է համագործակցությունը ՀԿ-ների, հանրային սեկտորի հետ։ Իմ աշխատանքի կարևոր մասն է լինելու կանանց և երեխաների իրավունքների պաշտպանությունը։ Զբաղվելու ենք նաև մեդիայի, ազատ խոսքի խնդիրներով, քանի որ սա ևս մարդու իրավունք է՝ ստանալ անաչառ տեղեկատվություն»,- ասաց պատգամավորը՝ հիշեցնելով, որ ԱԺ-ում լրագրող-պատգամավորների ոչ ֆորմալ խմբակցություն կստեղծվի։
Նաիրա Զոհրաբյանը շեշտեց, որ իրենց ուշադրության կենտրոնում լինելու են նաև արհմիությունները։
Իմ քայլը դաշինքի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը նրանից հետաքրրքվեց՝ գո՞հ է արդյոք Հայաստանում մարդու իրավուքնների պաշտպանության մակարդակից և ՄԻՊ-ի գործունեությունից։
Զոհրաբյանը նկատեց, որ մարդու իրավուքնների պաշտպանվածության մասով ինքը գոհ չէ, քաղաքացին Հայաստանում պաշտպանված չէ։ Նրա համոզմամբ, անմխիթար է հատկապես որոշ քրեկատարողական հիմնարկներում պահվող անձանց վիճակը, և օրինակ «Նուբարաշեն» ՔԿՀ-ն առհասարակ պետք է փակվի, քանի որ այնտեղ Օսվենցիմից էլ վատ վիճակ է»։
«Ինչ վերաբերում է ՄԻՊ-ի աշխատանքին, ապա եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահության օրոք Արման Թաթոյանի հետ բավականին արդյունավետ ենք աշխատել։ Մենք նրա հետ փորձել ենք սակավ գործիքներով որոշ խնդիրներ լուծել»,- ասաց նա։
ԱԺ պատգամավոր Լուսիեն Բադալյանն իր հերթին նկատեց, որ ուզենք, թե ոչ, Հայաստանում ապրում են նաև սեռական փոքրամասնության ներկայացուցիչներ, որոնք ևս հավասար իրավունքներ ունեն։
Նաիրա Զոհրաբյանը պատրաստակամություն հայտնեց քննարկել նաև վերջիններիս իրավունքներին առնչվող հարցեր, եթե այդ մարդիկ դիմեն ԱԺ համապատասխան հանձնաժողով։ «Յուրաքանչյուր ոք ունի պաշտպանված լինելու իրավունք»,- ամփոփեց Զոհրաբյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին