Մնացականյանն ընդգծել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարթակի անհարկի քաղաքականացման փորձերի անթույլատրելիությունը
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ և ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ նորանշանակ մշտական ներկայացուցիչ և համատեղության կարգով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչ Քրիստիան Տեր-Ստեփանյանին։
ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Զոհրաբ Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական նպատակներին համահունչ Կազմակերպության աշխատանքներին ակտիվ ներգրավվածությանը: Այս առնչությամբ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարթակի անհարկի քաղաքականացման փորձերի անթույլատրելիությունը, ինչը հնարավորություն չի ընձեռում կենտրոնանալու կառույցի՝ մշակույթի միջոցով պետությունների միջև համագործակցության խթանմանը և խաղաղությանն ու ժողովուրդների անվտանգությանը նպաստելու հիմնական առաքելության վրա:
Հանդիպմանը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն անդրադարձել են նաև 2018թ. Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի արդյունքներին, մտքեր են փոխանակել ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՖՄԿ համագործակցությանն ու համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցերի շուրջ, ինչը, ԱԳ նախարարի պաշտոնակատար Մնացականյանի բնորոշմամբ, Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում Հայաստանի նախագահության առաջնահերթություններից է:
Հարակից հրապարակումներ`
- Օդրի Ազուլան բարձր է գնահատել Հայաստանի ջանքերը Սիրիայի փախստականների կրթության իրավունքի ապահովման հարցում
- Անհրաժեշտ է կանանց և աղջիկների համար ավելի բարձր կրթության ապագա ապահովել. Օդրե Ազուլե
- Օդրի Ազուլեն նշանակվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն