Արմեն Գյուլբուդաղյանցը հանդիպել է Ռաուլի հետ
Շարունակվում են Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզչական շտաբի դիտարկումները և հանդիպումները Մադրիդում: Հունվարի 16-ին մեր մարզիչներն այցելել են Մադրիդի «Ռեալի» մարզաբազա, ծանոթացել են բոլոր ենթակառուցվածքներին: Հայ մարզիչներին ներկայացվել է մադրիդյան ակումբի մոտեցումները տարբեր տարիքային խմբերի հետ տարվող աշխատանքների վերաբերյալ:
Կայացել է հանդիպում նաև «Ռեալի»՝ ֆուտբոլիստների վերականգնման հարցերով զբաղվող մասնագետի հետ, որն աշխատում է վնասվածք ստացած ֆուտբոլիստների հետ և որը ներկայացրել է՝ ինչ փուլերով են անցնում մադրիդյան ակումբի ֆուտբոլիստները վերականգնման ընթացքում:
Այնուհետև Հայաստանի ազգային հավաքականի մարզիչները հանդիպել են Մադրիդի «Ռեալի» լեգենդար հարձակվող Ռաուլին, ով կիսվել է իր փորձով և պատրաստակամություն հայտնել հետագայում էլ օգտակար լինել իր խորհուրդներով: Մեր մարզիչները հանդիպել են նաև Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Ֆերնանդո Մորիենտիեսին:
Հայկական պատվիրակությունը երկու ֆուտբոլիստներին էլ հանձնել է հուշանվերներ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից: Երեկոյան մարզիչները ներկա են եղել Իսպանիայի գավաթի խաղարկության «Ատլետիկո»-«Ժիրոնա» հանդիպմանը: Հունվարի 17-ին սպասվում է հերթական բովանդակալից օրը: