Զինված ուժերում համաճարակային իրավիճակը վերահսկողության տակ է. Գայանե Հովհաննիսյան
Զինված ուժերում համաճարակային իրավիճակը վերահսկողության տակ է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Գայանե Հովհաննիսյանը։
«Վերահսկողությունը մեր անմիջական պարտականությունների մեջ է և մենք պատրաստ ենք սեզոնային բռնկումներին»,- նշեց նա՝ հավելելով, որ դրա համար նաև կանխարգելիչ աշխատանքներ են տարվում, մասնավորապես, մինչև զորակոչը ապագա զինվորները գրիպի դեմ պատվաստումներ են ստանում:
Ըստ նրա, իրենց ունեցած տվյալների համաձայն՝ անցած տարվա սեզոնային բռնկումները ԶՈՒ-ում ավելի թեթև են անցկացրել, հենց այս՝ նախապես արվող պատվաստումների հաշվին։
Նրա խոսքով՝ այս պահին զորամասերում սուր շնչառական հիվանդություններով վարակվածների թիվը 10-15-ից չի անցնում. «Հիվանդներն անմիջապես մեկուսացվում են, բուժում է իրականացվում ու այդ օջախները կարողանում ենք վերացնել։ Իրավիճակն ամեն օր դիտարկում ենք, զորամասերից տեղեկություններ ենք հավաքում, վերլուծում և բոլոր կայազորային հոսպիտալներից ունենք պատրաստի խմբեր, որոնք զորամասերով անցնում են ու մեզ ներկայացնում իրավիճակը»։
Ինչ վերաբերում է ջրծաղիկին, ռազմաբժշկական վարչության պետը հայտնեց, որ այս պահին գրանցվել է ջրծաղիկի 32 դեպք, թոքաբորբի դեպքերն էլ, ըստ նրա, քիչ են ու դա չեն կարող բռնկում համարել։
Նա նաև վստահեցրեց, որ զորամասերի բուժկետերն ապահովված են համապատասխան դեղորայքով:
Գայանե Հովհաննիսյանը հայտնեց, որ Հայաստանում ընթացող ձմեռային զորակոչին ևս խիստ ուշադրություն են դարձնում զորակոչիկների առողջական վիճակին: Ըստ նրա՝ եթե զինվորական հավաքակայանում զորակոչիկների մոտ հայտնաբերվում են վիրուսային, արագ բուժվող հիվանդություններ, նրանք ուղարկվում են հոսպիտալ բուժման, առողջանալուց հետո միայն՝ ծառայության վայր:
Նրա խոսքով՝ ռազմաբժշկական ծառայությունը բոլոր ջանքերը ներդնում է, որպեսզի հիվանդ և առողջական խնդիրներ ունեցող զորակոչիկները չհայտնվեն բանակում. «Կենտրոնական հավաքակայանում բուժհանձնաժողովը ևս զննում է զորակոչիկներին, ստուգում նրանց փաստաթղթերը և բացառում ենք, որ սուր առողջական խնդիրներով զորակոչվեն բանակ»:
Գայանե Հովհաննիսյանը նշեց, որ վերջին տարիներին մեծացել է ողնաշարի, տեսողության խնդիրներով, ալերգիայով, սիրտ-անոթային հիվանդություններով զորակոչիկների թիվը:
Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահ Սահակ Օհանյանն էլ հիշեցրեց, որ 2018 թ. ամառային զորակոչի ընթացքում ավելացվել է զինծառայության նոր տարբերակ՝ ծառայություն հեշտացված օրվա կարգացուցակով (ԾՀՕԿ): ԾՀՕԿ տարբերակով ծառայության են զորակոչվում առողջական հետևյալ խնդիրներն ունեցող զորակոչիկները՝ թերքաշ (նորմայից 2կգ պակաս լինելու դեպքում), գերքաշ (նորմայից 4 կգ ավելի լինելու դեպքում), գիշերամիզություն, հեմոգլոբինի որոշակիորեն ցածր կամ բարձր մակարդակ: Նախիկինում այս զորակոչիկներն ազատվում էին զինծառայությունից:
Սահակ Օհանյանն ասաց, որ վեց ամսվա ընթացքում ընդամենը մեկ ժամկետային զինծառայող է ճանաչվել ծառայության համար ոչ պիտանի, սակայն դա պայմանավորված է այլ հիվանդությունով:
Նա տեղեկացրեց, որ հունվարի 21-ից կիրականացվի ԾՀՕԿ-ով առաջին անգամ զորակոչված զինծառայողների վերաբերյալ փորձաքննություն: Այն կտևի մոտ մեկ ամիս, որից հետո կամփոփվեն արդյունքներն ու կներկայացվեն պաշտպանության նախարարությանը։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին