ԱԺ-ում ծափահարությունների արժանացած միակ ելույթը
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վարազդատ Կարապետյանի ելույթը էականորեն տարբերվեց թեկնածուների՝ նախքան այս ունեցած ելույթներից։ Նա չխոսեց համայնքների միավորման կարևորությունի, մարզպետների դերից, բնապահպանական և գյուղատնտեսական խնդիրներից։
«Շատ կարևոր բան կա, որ արդեն չորս օր իրար հետ քննարկում ենք: Եթե մենք փորձենք գումարել մեր այս չորս օրվա կատարած աշխատանքը և հասկանանք՝ ինչի մասին է խոսքը, հաշվի առնենք, որ ամեն մեկս յուրաքանչյուր հանձնաժողովի նախագահի թեկնածություն քննարկելիս ունենք հարց տալու և ելույթի իրավունք, յուրաքանչյուր հանձնաժողովի ընտրության գործընթացը կարող է տևել յոթ օր, և հաշվի առնենք, որ մենք 15 մարդ ենք ընտրում, այս 4 օրերի ընթացքում 105 օր տեսականորեն կարող ենք ծախսել հանձնաժողովի նախագահներին և ԱԺ ղեկավարությանն ընտրելու գործի վրա, այն դեպքում, երբ այս հարցը մեծ հաշվով որոշված հարց է, կուսակցությունները քաղաքական խորհրդում արդեն քննարկել, վերջացրել են»,- ասաց Կարապետյանը։
Նրա այս խոսքերից հետո դահլիճից ծափահարություններ հնչեցին։
Թեկնածուն շարունակեց, թե ինչ կարևորություն ունի, թե հանձնաժողովի նախագահն ով է. «Կամ թե կոնկրետ ես ինչ եմ մտածում ոռոգման համակարգի կամ համայնքների միավորման խոշորացման գործընթացի մասին: Հիմա ի՞նչ կարևոր է իմ կարծիքը, եթե սենց թե նենց մենք իրար հետ պետք է հարցը լուծենք, ու հանձնաժողովներում էլ քվեարկություններով են պրոցեսները տեղի ունենում: Հիմա, որ բացենք ԱԺ հանձնաժողովի նախագահի լիազորությունները, կտեսնենք, որ ընդամենը որոշակի կանոնակարգելու ու համակարգելու գործառույթներ են և ուրիշ ոչինչ: Հիմա այս մարդկանց, որ դրել ենք, քրքրում ենք հնարավոր բոլոր հարցերի վերաբերյալ, սրա իմաստը ո՞րն է, իրականում անհասկանալի է ինձ համար: Մեկ-մեկ տպավորություն է՝ կառավարության հետ հարցուպատասխան է, կամ այս չորս օրում ՀՀ-ի բոլոր ռազմավարական խնդիրները պետք է լուծենք, այնինչ լրիվ ուրիշ խնդիր ունենք հիմա»։
Նրա խոսքով՝ այստեղ մեկ հարցի պետք է ուշադրություն դարձնել ու լուրջ վերաբերել՝ այն է. «Լուրջ հասկանանք, թե ինչի մասին է խոսքը, նոր սկսենք հարցը քննարկել, որովհետև այդ դեպքում մենք ժամանակ կխնայենք, որովհետև մեզանից արագություն են պահանջում մեր ընտրողները, և արդեն էական չէ՝ որ կուսակցությունից ենք, ու կարևոր չէ, որ ԱԺ-ն և կառավարությունը տարբեր թևեր են իշխանության, մենք պետք է իրար հետ աշխատենք ու աշխատենք արագ»։