Դատախազությունը՝ ոստիկանությանը, ոստիկանությունը՝ Հանրային ռադիոյին
Հանրային ռադիոյում «չարաշահումների վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում»։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակը»։ Նշվում է, թե դատախազությունը գործին ընթացք է տվել «ըստ մամուլում տեղ գտած նյութերի»։
Կոնկրետ, որ հրապարակումներին է ռեակցիա տվել դատախազությունը, ինչ հիմքեր են եղել «նյութեր պատրաստելու», եթե բողոք Հանրային ռադիոյից չի եղել`այս հարցերը Panorama.am-ը ուղղեց ոստիկանությանը։ Այստեղից հայտնեցին, թե՝ նյութերը նախապատրաստվում են մամուլում տեղ գտած հրապարակումներից մեկի հիման վրա, նշելով 2018 թվականի դեկտեմբերի 18-ին «Hraparak.am» կայքում հրապարակված «Հանրայինը պատրաստվում է գործադուլի» վերտառությամբ նյութը։
Ոստիկանությունը այս անգամ էլ նշեց, որ հրապարակումը ստացել են դատախազությունից։ Այլ նյութեր ոստիկանության տրամադրության տակ չկան։
Թերևս արժե զարմանալ, որ դատախազությունը այսքան, այսքան, այսքան չարաշահումների, օրենքի խախտումների մասին հրապարակումներից ընտրել է մեկը ու՝ Հանրային ռադիոյի մասին։
Նշենք, որ «Hraparak.am» կայքի վերոնշյալ հրապարակմամբ ներկայացվում է Հանրային ռադիոյի մի խումբ աշխատակիցների հայտարարությունը, ուր վերջիններս բարձրաձայնում են Գրիգորյանի՝ գործադիր տնօրենի աթոռին հայտնվելուց հետո չարաշահումների և ամենաթողության մասին։
Այդ հայտարարության համաձայն՝ վերջին մեկ տարվա ընթացքում Հանրային ռադիոն դարձել է խոպանչիների պարարտ դաշտ, քմահաճույքների փորձադաշտ:Հայտարարության տեքստում, մասնավորապես, նշված է. «Գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանը՝ իր «փափուկ բարձի» քաղաքականությամբ և սին խոստումներով, պարզապես բացարձակ տեղյակ չէ, անգամ դույզն-ինչ գաղափար չունի ռադիոյի այլազան օղակներում ծագող այլևայլ հիմնախնդիրներից:
Մեր կոլեկտիվը/կամ ավելի ճիշտ կլինի ասել ՝ ոչ յուրայինների ստվար մասը/ պահանջում է Մարկ Գրիգորյանի հրաժարականը: Սա մեր բողոքի հանրայնացումն է և սկիզբը, քանի որ մենք պատրաստ ենք գնալ ավելի կոշտ քայլերի, ինչը հետևանքային լուրջ ազդեցություն կունենա Հանրային ռադիոյի աշխատանքների և եթերի վրա»։