Ադրբեջանի նախագահը «հումանիզմի» հիմքով դատախազությանը կոչ է արել դադարեցնել Մեհման Հուսեյնովի հետապնդումը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջարկությունների համաձայն՝ դատախազությունը համապատասխան հրահանգներ է տվել քննչական մարմնին՝ բլոգեր Մեհման Հուսեյնովի գործի հետ կապված։ Ինչպես հայտնում են ադրբեջանական կայքերը, հաշվի առնելով Մեհման Հուսեյնովի երիտասարդ տարիքը, նրա՝ ճշգրիտ ուղի վերադառնալը, տարեց հորը խնամելու անհրաժեշտությունը, թեթև հանցագործությունը, քննչական մարմինը որոշել է դադարեցնել Հուսեյնովի նկատմամբ քրեական գործը։
Հաղորդվում է, որ ներկա պահին Հուսեյնովը հացադուլի մեջ չէ ու պահման պայմանների վերաբերյալ բողոքներ չունի։
Միևնույն ժամանակ գլխավոր դատախազությունը զգուշացնում է այն անձանց, ովքեր, անձնական նպատակներով փորձում են արհեստական իրարանցում ստեղծել Մեհման Հուսեյնովի շուրջ, ինչպես նաև ԶԼՄ-ներին, որոնք «կեղծ տեղեկություններ են տարածում», որ յուրաքանչյուր անօրինական գործողություն, որն ուղղված կլինի երկրում կայունության խախտմանը, վճռականորեն կդադարեցվեն։
Հուսեյնովը նախօրեին խնդրագիր էր գրել նախագահին՝ խնդրելով ազատ արձակել իրեն ու արդար քննություն իրականացնել։
Հիշեցնենք, որ լրագրող, մարդու իրավունքների ակտիվիստ Հուսեյնովը ձերբակալվել էր Բաքվում 2017թ.-ի հունվարի 9-ին։ Հուսեյնովը համացանցում տարածել էր շքեղ սեփականության նկարներ ու պնդել, որ դրանք պատկանում են պաշտոնյաներին։ 2017թ.-ի մարտին նրան դատարանը ազատազրկեց 2 տարով՝ զրպարտության մեղադրանքով։
Օրերս Հուսեյնովի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով Բաքվում տեղի ունեցավ բազմահազարանոց բողոքի ակցիա, որտեղ մարդիկ պահանջում էին ազատ արձակել Մեհմանին ու մյուս քաղբանտարկյակներին։ Սակայն եղան նաև հակակառավարական ելույթներ, պահանջներ՝ Ադրբեջանից գողացված փողերը հետ բերել, ազատվել Ալիևի կլանից, արդարադատություն, կոռուպցիայի վերջ։