Էդմոն Մարուքյանը ԵԽԽՎ-ում Ադրբեջանին մաղթեց «թավշյա հեղափոխություն»
«Հայաստանը պատրաստ է համագործակցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի և Վենետիկի հանձնաժողովի հետ՝ հետագա բարեփոխումների համար։ Գուցե ես շտապեցնում եմ, հավատում եմ, որ ժամանակն է Հայաստանի հետ սկսել հետմոնիտորինգային երկխոսություն։ Մենք հավատում ենք, որ Հայաստանում ժողովրդավարական զարգացումները հնարավոր են դարձնում նման խնդրանքը»,- այս մասին նախօրեին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քննարկման ժամանակ հայտարարեց ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը։
Էդմոն Մարուքյանը նաև արձագանքեց Հայաստանի ընտրությունների, ՀՀ նախորդ իշխանությունների վերաբերյալ ադրբեջանցի պատվիրակների ելույթներին, ասելով, եթե որևէ մեկը խոսում է քրեական վարչակարգի մասին, ապա ադրբեջանի պատվիրակները վերջիններից են, որ կարող են խոսել այդ մասին։
«Հենց այս պահին զանգվածային բողոքի ակցիաներ են անցկացվում Ադրբեջանում՝ պահանջով ազատել քաղբանտարկյալներին։ Ադրբեջանը չի կատարել ՄԻԵԴ-ի՝ քաղբանտարկյալներին վերաբերող որոշումները և այս ֆոնին դուք խոսում եք Հայաստանի ժողովրդավարացման մասին։ Ես ուրախ եմ, որ ժողովրդավարությունը Հայաստանում զարգանում է, այնուամենայնիվ ծիծաղելի է այդ գործընթացների վերաբերյալ հայտարարություններ լսել Ադրբեջանից, երկիր որտեղ առկա են լրջագույն թերություններ։ Հայկական պատվիրակության անունից ես կցանկայի ասել, որ մենք ուրախ ենք տեսնել, թե որքան ուշադիր են հետևում մեր ադրբեջանական գործընկերները Հայաստանում ժողովրդավարական զարգացումներին։ Հուսով եմ, նրանք մեզանից կսովորեն՝ ինչպես է ժողովրդավարությունը լինում։ Ուստի ես մաղթում եմ ձեզ «թավշյա հեղափոխություն» որքան հնարավոր է շուտ՝ ձեր իսկ բարօրության համար»,-ասաց Մարուքյանը։
Քննարկմանը ելույթ ունեցավ նաև ՀՀ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը ասելով, որ կա հնարավորություն, որ Հայաստանը դառնա մոդել՝ աշխարհին ցույց տալու, թե ինչպես է հնարավոր փոքր տնտեսություն ունեցող երկրում ձևավորել ինովացիոն միջավայր՝ նորարարական կազմակերպություններ ստեղծելու համար, որոնք պետք է դառնան նոր տնտեսական քաղաքականության շարժիչը։
«Օրեր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին Հայաստանին սպառնալու ծիծաղելի փորձեր արեց, հայտարարելով, որ մեկուսացնելու են Հայաստանին տարածաշրջանային բոլոր նախագծերից։ Ես շարունակում եմ լավատես լինել և հույս ունենալ, որ թե՛ մեր, թե՛ միջազգային այլ կառույցներում և թե՛ հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում նման հայտարարությունները պետք է անարձագանք չմնան։ Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանում բացառիկ դերակատարություն ունեցող երկիր և մենք պատրաստ ենք նոր որակի քաղաքական և տնտեսական հարաբերություններ հաստատել միջազգային մեր գործընկերների հետ, հանուն այն հաջողության, որի անունն է ժողովրդավարություն և զարգացում»,-ասաց Զոհրաբյանը։