Սոցիալական մեդիայի աճը արմատապես փոխել է քաղաքական քարոզչության բնույթը. քննարկում ԵԽԽՎ-ում
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն այսօր քննարկում է Եվրոպայի խորհրդի երկրներում հանրաքվեների անցկացման ուղենիշների թարմացման վերաբերյալ զեկույցի նախագիծը։ Զեկույցի նախագծում ասվում է, որ այս հարցն արդիական է դարձել վերջին շրջանում տեղի ունեցած հանրաքվեներից հետո՝ Կատալոնիա, Բրեքսիթ, որոնք առաջացրել են մտահոգություններ արդյունքների արդարացիության հետ կապված։
Զեկույցում ասվում է, որ հանրաքվեները պետք է ներդրվեն ներկայացուցչական ժողովրդավարության գործընթացում և չպետք է գործադիրի կողմից օգտագործվեն՝ շրջանցելու կամ չեղարկելու խորհրդարանի ցանկությունը։
Առաջարկվում է հատկապես փոփոխություններ կատարել Վենետիկի հանձնաժողովի հանրաքվեների մասին ուղեցույցերում, որն ընդունվել է 2007թ.-ին՝ հաշվի առնելով ինտերնետի և սոցիալական մեդիայի աճը, ընդգծել ընտրողների համար որակյալ տեղեկատվության տրամադրման կարևորությունը, որպեսզի նրանք կարողանան կատարել տեղեկացված ընտրություն։
Ինտերնետը, հատկապես սոցիալական մեդիաները արմատապես փոխել են քաղաքական քարոզչության բնույթն ու ժողովրդավարությունից մարդկանց սպասումները։ Կոչ է արվում կանոնակարգումներ մտցնել ողջ ԶԼՄ-ներում՝ ողջ ընտրական գործընթացների հետ կապված։ Այս հարցերի շուրջ Վենետիկի հանձնաժողովը ներկայումս աշխատանքներ է տանում ու հույս ունի, որ և՛ ընտրությունների, և՛ հանրաքվեների վերաբերյալ համապատասխան ուղեցույցերը կմշակվեն։