Սոցնախարարությունը մտադիր է «Թեժ գծին» մրցույթով ընտրել
Քաղաքացիների ահազանգերը սպասարկող 114 թեժ գիծ անվճար ծառայության ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջև կնքված պայմանագրի ժամկետը լրացել է 2018-ի դեկտեմբերի վերջին։ Մեկ ամսից ավելի ծառայության 8 աշխատակիցների համար հետագան անորոշ է։ Նոր պայմանագիր չկա։ Հիշեցնենք, որ Թեժ գծի ծառայությունը «Նորք» հիմնադրամի ստորաբաժանումներից մեկն է։
Ծառայության միջոցով քաղաքացիներն իրենց հարցադրումները, դիմում-բողոքները և առաջարկություններն են ուղղում սոցիալական ապահովության պետական ծառայություն, ստանում կենսաթոշակի ու այլնի վերաբերյալ հարցերի պատասխանները։
«Դեկտեմբերի 28-ին պայմանագրի ժամկետը լրացել է։ Մենք մասնագիտական գործունեություն ենք իրականացնում և շարունակում ենք ծառայությունը, քանի որ այդ գործառույթները կարևոր նշանակություն ունեն»,-Panorama.am-ին ասացին ծառայությունից։
Աշխատակիցներն ասում են՝ իրենք ամսական 15 հազարից ավելի զանգ են սպասարկել։ Հունվարին 11 հազարից ավելի զանգի են պատասխանել։
«Թե ինչ են որոշել նախարարությունում, չգիտենք, խնդրում եմ՝ նախարարությունից հարցրեք»,-ասացին հիմնադրամից։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը Panorama.am-ին հայտնեց, որ ճիշտ է, «Թեժ գիծ» ծառայության հետ պայմանագիր այս տարվա համար չի կնքվել։
«Բայց նախարարությունը դիմել է կառավարություն՝ առաջիկա երեք ամիսների համար ժամանակավոր պայմանագիր կնքելու համար թույլտվություն ստանալու, ինչից հետո արդեն ծառայության մատուցման համար մրցույթ կհայտարարվի և հաղթող ընկերությունը կկատարի այդ աշխատանքը»,-ասաց Սոնա Մարտիրոսյանը։