Ոստիկանության պետն ընդունել է զոհված ոստիկանի ընտանիքին
Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունել է անցած տարի ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանության ավագ ենթասպա Արա Շախգուլյանի այրուն՝ Մարինե Շախգուլյանին, և որդիներին՝ Դավիթ և Ալբերտ Շախգուլյաններին:
Հանդիպմանը ներկա էին նաև ոստիկանության պետի տեղակալները:
Վալերիյ Օսիպյանը նշել է, որ ոստիկանության ավագ ենթասպա Արա Շախգուլյանի կատարածը հերոսություն է, քանի որ նա ծառայողական պարտքը գերազանց է իրականացրել և զոհվել զինված հանցագործին վնասազերծելիս:
Ոստիկանության պետն իր աջակցությունն է հայտնել զոհված ոստիկանի ընտանիքին և վստահեցրել, որ ողջ համակարգը նրանց կողքին է և կաջակցի ու կօժանդակի բոլոր հարցերում:
Հիշեցնենք, որ 2018 թվականի մայիսի 3-ին HSBC բանկի` Կոմիտասի պողոտա-Գյուլբենկյան փողոց խաչմերուկում գտնվող մասնաճյուղի վրա ավազակային հարձակում կատարած անձին վնասազերծելիս նրա արձակած գնդակից հրազենային վնասվածք ստացավ ոստիկանության ծառայող Արա Շախգուլյանը:
Նա երբ լսել է բանկի աշխատակիցների ձայները, հետապնդել է ավազակային հարձակում գործած անձին: Տեսնելով իրեն հետապնդող ոստիկանին՝ հանցագործը կրակոց է արձակել ոստիկանի ուղղությամբ և սպանել նրան:
Ոստիկանության ավագ ենթասպա Արա Շախգուլյանը ծնվել է 1973 թ., Երևանում:
Ոստիկանությունում ծառայում էր 2000 թ. ապրիլից: 2000-2008 թթ. ծառայել է ոստիկանության պետական պահպանության վարչությունում, 2008 թ. հունիսից` ոստիկանության Երևան քաղաքի պարեկապահակետային ծառայության գնդում. սպասարկում էր Արաբկիրի տարածքը:
Նախաքննության ընթացքում պարզվել էլ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանն է։
Հարակից հրապարակումներ`
- Պարգևներ՝ HSBC բանկի վրա հարձակման ժամանակ ոստիկաններին ցուցաբերած աջակցության համար
- Քրգործ՝ «HSBC»-ի մասնաճյուղի վրա կատարված ավազակային հարձակման դեպքի առթիվ
- Բանկի վրա հարձակում գործածի գնդակից վիրավորված ոստիկանը մահացավ
- Կրակոցներ HSBC բանկում
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը