2019-ի ընթացքում հայ-ռուսական զորավարժություններ կանցկացվեն
Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակում այսօր Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՌԴ զինված ուժերի հարավային ռազմական օկրուգի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովի հետ: Գեներալ Դվորնիկովը ՀՀ պաշտպանության նախարարին դիմավորել է ՌԴ հարավային ուղղությամբ տեղակայված զորքերի մարտական ղեկավարման կետում:
ՊՆի-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական ռազմական համագործակցության և տարածաշրջանային անվտանգության, ՀՀ-ում տեղակայված 102-րդ ռազմակայանի գործունեության, մարտական պատրաստության և ծառայության կազմակերպմանն առնչվող հարցեր: Հաշվի առնելով, որ Սիրիայի Արաբական Հանրապետությունում գործում են ՌԴ հարավային ռազմական օկրուգի զորքերը` Դավիթ Տոնոյանը և Ալեքսանդր Դվորնիկովը քննարկել են Սիրիայում հայկական մարդասիրական առաքելության գործունեության հետ կապված հարցեր։
Կողմերը կարևորել են նաև համատեղ իրականցվող զորավարժությունների կազմակերպման և անցկացման բարձր մակարդակի ապահովումը: Շեշտվել է, որ 2019թ. ընթացքում անցկացվելու են մի շարք համատեղ միջոցառումներ, շտաբային մարզումներ և զորավարժություններ:
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Տոնոյանը հանդիպել է «Ռոստեխ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենին
- Շոյգուն շնորհակալություն է հայտնել Տոնոյանին առաջինն արձագանքելու համար