ԵՄ-ն մեծապես կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը. Տոյվո Կլաար
Հայաստանը հավատարիմ է ղարաբաղյան հակամարտության հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակում։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ հանդիպմանը։ Նա կարևորել է Արցախի, մասնավորապես քաղաքացիական հասարակության ներգրավումը վստահության կառուցման միջոցառումներում: Վարչապետը համոզմունք է հայտնել, որ այն կնպաստի կառուցողական մթնոլորտի ձևավորմանը բանակցային գործընթացում:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, Ն. Փաշինյանը կարևորել է Եվրոպական միության հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ու կառուցողական երկխոսությունը բոլոր ոլորտներում: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ԵՄ անդամ երկրների կողմից Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հնարավորինս սեղմ ժամկետներում վավերացման անհրաժեշությունը և համոզմունք հայտնել, որ այն հնարավորություն կտա նոր թափ հաղորդել փոխգործակցությանն ու կնպաստի մեր երկրում տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացմանը: Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը հաստատակամ է ժողովրդավարության զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության ամրապնդման, արդար դատական համակարգի կայացման ուղղություններով համակարգային բարեփոխումների իրականացման գործում և այդ նպատակով կարևորում է ՀՀ-ԵՄ համաձայնագրով նախատեսված օժանդակությունն ու համապատասխան ծրագրերի արդյունավետ իրականացումը: Նիկոլ Փաշինյանը գոհունակությամբ է նշել, որ արդեն իսկ եվրոպական կողմին է տրամադրվել համաձայնագրի՝ ժամանակավորապես ուժի մեջ մտած դրույթների կիրարկման ճանապարհային քարտեզը, որը նախատեսվում է քննարկել նաև առաջիկայում՝ ԵՄ գործըկներների հետ նախատեսված հանդիպումների ընթացքում:
Տոյվո Կլաարն ընդգծել է, որ ԵՄ-ն ևս մեծապես կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը և համոզմունք հայտնել, որ երկկողմ փոխգործակցությունը կշարունակի ընդլայնվել նաև համաձայնագրի ժամանակավոր կիրարկմամբ՝ վերը նշված ճանապարհային քարտեզով նախատեսվող միջոցառումների իրականացմամբ:
Նիկոլ Փաշինյանը և Տոյվո Կլաարը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային այլ խնդիրների շուրջ:
Այսօր Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ևս ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:
Կողմերը կարևորեցին պարբերական շփումները՝ ԵՄ հատուկ ներկայացուցչի մանդատի շրջանակներում հարցերի շուրջ մտքերի փոխանակման համար,-հայտնում են ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստան - Եվրոպական Միություն փոխհարաբերություններին առնչվող հարցեր: Մտքեր փոխանակվեցին այս առումով վերջին շրջանում տեղի ունեցած հանդիպումների, իրականացված աշխատանքների, ինչպես նաև առաջիկայում նախատեսված գործունեության շուրջ:
Զրուցակիցներն անդրադարձան տարածաշրջանային մի շարք խնդիրների:
Զոհրաբ Մնացականյանը զրուցակցին ներկայացրեց Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն ու մոտեցումները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ` այս համատեքստում ընդգծելով խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման ու ամրապնդման կարևորությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը