Էջմիածնում «նախկինների» հարազատների արհեստական հաստիքները էլ չկան
Էջմիածնում կրքերը հանդարտվել են, քաղաքը վերադարձել է իր բնականոն կյանքին: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց քաղաքապետ Դիանա Գասպարյանը:
«Ես խիստ լարվածություն չեմ նկատել, ինքս թե՛ ճանապարհային ոստիկանության, թե՛ ոստիկանության հետ եղել եմ կապի մեջ, որպեսզի բացառվեն ինչ-ինչ երևույթներ: Այնպես որ՝ ամեն ինչ մի փոքր գերագնահատված էր, գուցե եղել են էպիզոդիկ դեպքեր, որոնց իրավապահները պատշաճ արձագանքել են»,- ասաց նա:
Ընդհանուր առմամբ, ըստ քաղաքապետի, Էջմիածնում բոլորը սպասողական վիճակում են, շատ ակնկալիքներ ունեն, պարզապես պետք է համբերությամբ զինվեն: Ըստ նրա՝ քաղաքի փողոցների փոսերը, որոնք առաջացել են նախկին վատ ասֆալտապատման հետևանքով, մոտ օրերս կփակվեն, սակայն գլոբալ հիմնանորոգումը սկսելու են մայիս-հունիսին:
Անդրադառնալով քաղաքապետարանի օպտիմալացմանը՝ Դիանա Գասպարյանն ասաց, որ ուռճացված հաստիքացուցակն արդեն բերվել է ավելի պատշաճ տեսքի:
«Արդյունքում, բավականին լուրջ աշխատավարձային ֆոնդ է տնտեսվել՝ մոտ 40 մլն դրամ: Կրճատվել են ավելի շատ հաստիքներ, որոնք իմ նշանակման ժամանակ զբաղեցված չեն եղել: Դրանք նախկին իշխանությունների բարեկամների, հարազատների համար արհեստականորեն ստեղծված հաստիքներն են եղել, որոնք արդեն չկան»,- ասաց նա:
Դիանա Գասպարյանը վստահացրեց, որ այժմ քաղաքապետարանի հետ կապված «ատկատներ» չկան. «Ամենակարևորը քաղաքական կամքն է, եթե համայնքի ղեկավարի կողմից կա քաղաքական կամք, որպեսզի ատկատ չլինի, բյուջեն չմսխվի, դա չի լինի: Իսկ այդ քաղաքական կամքը կա»:
Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե Մանվել Գրիգորյանը մինչ առայժմ ի՞նչ տարածքներ է հանձնել պետությանը, Էջմիածնի քաղաքապետը պատասխանեց. «Տեղյակ եմ միայն Կուղբաբուծական գործարանի տարածքի մասին, որը շրջանառվեց, սակայն հանձնվել է Պետգույքի կառավարմանը, Էջմիածին համայնքին Մանվել Գրիգորյանը որևէ բան չի հանձնել»:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ