Մարզպետարանների աշխատակիցների մոտ 30 տոկոսը կկրճատվի. Պապիկյան
«Մի քանի մարզպետարաններում ուսումնասիրություն ենք կատարել և եկել ենք այն եզրահանգման, որ մարզպետարանների աշխատակիցների մոտ 30 տոկոսը կկրճատվի»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը՝ հավելելով, որ մարզպետարանների «օպտիմալացման գործընթացը» նախաձեռնել է դեռևս հոկտեմբեր ամսից:
Ըստ նրա խոսքի՝ այդ աշխատանքներում ներգրավել են խորհրդատվական ընկերություն, որի ֆինանսավորումն իրականացնում է Շվեցարիայի զարգացման գործակալությունը:
Սուրեն Պապիկյանի խոսքով՝ արդեն իսկ սխեման կա. Մի քանի դետալների շտկումից, նաև՝ կառավարության կառուցվածքային վերջնական փոփոխություններից հետո, հաջորդ քայլը կլինեն մարզպետարանները:
Հարցին, թե ինչ սկզբունքով են կրճատումներն արվելու, որպեսզի լավ աշխատակիցները դրսում չհայտնվեն, նախարարն ասաց, որ մրցույթ են անցկացնելու և արդյունքում կմնան լավ աշխատողները. «Այս օպտիմալացումները մեկ նպատակ են հետապնդում՝ արդյունավետ կառավարում և ավելի որակյալ մասնագետների ներգրավում»: