ՄՅՈւ-ի լոգոն իրանական հեռուստաընկերության եթերում է հայտնվել առանց սատանայի
«Մանչեսթեր Յունայթեդի» խորհրդանիշն այլ տեսք է ստացել իրանական հեռուստաընկերության եթերում, որը տեսանյութ է պատրաստել Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի «կարմիր սատանաների» և ՊՍԺ-ի (0:2) առաջին խաղի վերաբերյալ:
Ինչպես հայտնում է «ITASportPress»-ը, հեռուստաընկերության ղեկավարությունն անթույլատրելի է համարել սատանայի առկայությունն անգլիական ակումբի խորհրդանիշի վրա և երկրում ընդունված կրոնական սկզբունքների համաձայն ընտրել է նախորդ դարի լոգոյի օրինակ, որում սատանայի նկարը բացակայում է:
Հավելենք, որ ՊՍԺ-«Մանչեսթեր Յունայթեդ» 1/8 եզրափակիչ փուլի պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 6-ին` Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում: