Զեյնալյանի միջնոդությամբ դատավորի լիազորությունները դադարեցվել են
Այսօր «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի որոշման եզրափակիչ մասը: Հայտնում են Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից։
Խորհուրդը, դռնբաց նիստում քննության առնելով ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ա. Զեյնալյանի 2018 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 630-Ա որոշմամբ ներկայացված միջնորդությունը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, ելնելով միջնորդության քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ և 8-րդ կետերով, «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետով, 149-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 155-րդ հոդվածով, որոշել է
1.Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատարի միջնորդությունը բավարարել։ Էական կարգապահական խախտման հիմքով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի լիազորությունները դադարեցնել:
2.Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է։
«Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջների հիման վրա որոշումն ամբողջությամբ հնգօրյա ժամկետում կուղարկվի վարույթ հարուցող մարմիններ և դատավորին: Այն կտեղակայվի նաև Դատական իշխանության պաշտոնական կայքում:
Դեռ նախորդ տարի մամուլը գրել էր, որ հայաստանյան առեւտրային բանկերը հայց են ներկայացրել երկու դատավորի Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանին և Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Ուզունյանի դեմ` պահանջելով նրանց սնանկ ճանաչել: