Հայաստանը շարունակելու է ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցությունը գոյություն ունեցող ձևաչափերում. Ռուբինյան
«ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցությունը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից է, և որ Հայաստանը շարունակելու է ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցությունը գոյություն ունեցող ձևաչափերում»,- այս մասին նշել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գծով գրասենյակի ղեկավար Ռոզարիա Պուլյիզիի հետ հանդիպմանը։
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ կողմերը քննարկել են խորհրդարանական դիվանագիտության դերը ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Այս կապակցությամբ Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ ղարաբաղյան հակամարտությունը պարզապես տարածքային խնդիր չէ, այն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հարցն է:
Կողմերը քննարկել են նաև հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ռազմատենչ հռետորաբանության բացառման կարևորությունը՝ որպես խնդրի լուծման հանձնառության կառուցողական քայլի:
Ռուբեն Ռուբինյանն ու Ռոզարիա Պուլյիզին պատրաստակամություն են հայտնել ավելի սերտ փոխգործակցության շուրջ՝ ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության օրակարգում խորհրդարանին վերապահված դերակատարումն առավելագույն արդյունավետ իրացման համար: