Արցախում գալիք ընտրությունների առթիվ ԱԺԿ-ն հայտարարություն է տարածել
Արցախի ժողովրդավարական կուսակցությունը վերահաստատում է իր հանձնառությունը երկրում ժողովրդավարության զարգացման, օրենքի գերակայության և սոցիալական արդարության ամրապնդման ուղղությամբ և այդ նպատակներին հասնելու մտադրությամբ հայտարարում է 2019թ. տեղական ինքնակառավարման մարմինների ու 2020թ. համապետական ընտրություններին մասնակցելու համար նախապատրաստական աշխատանքներ ծավալելու մասին:
«Արցախպրես»-ը տեղեկացնում է, ԱԺԿ Կենտրոնական խորհուրդը, փետրվարի 16-ի նիստում քննարկելով կուսակցության առաջիկա անելիքները վերոնշյալ քաղաքական գործընթացների համատեքստում, որոշում է.
հանձնարարել կուսակցության տեղական և տարածքային կառույցներին՝ պատրաստել հաշվետվություններ ընթացիկ աշխատանքների և ռեսուրսների վերաբերյալ,
նախաձեռնել նոր գաղափարների ու ծրագրերի հավաքագրում՝ ներգրավելով երիտասարդ սերնդի ներկայացուցիչներին և ապահովելով սահուն սերնդափոխություն կուսակցության բոլոր օղակներում, այդ թվում՝ ղեկավար մարմիններում,
կազմակերպել քննարկումներ հանրության լայն շերտերի մասնակցությամբ՝ երկրի հետագա զարգացման տեսլականի շուրջ, ինչպես նաև տարբեր ոլորտներում առկա խնդիրները և դրանց լուծման հնարավորությունները վերհանելու նպատակով:
Հայտարարության մեջ ասվում է, որ կենտրոնական խորհուրդը առաջարկություններ կներկայացնի ԱԺԿ համագումարին առաջիկա քաղաքական գործընթացներին կուսակցության մասնակցության վերաբերյալ, վերջինս էլ կուսակցության Կանոնադրությամբ, երկրի Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված կարգով ու ժամկետներում հանրությանը կիրազեկի ընդունված որոշումների մասին:
Հիշեցնենք, որ այս պահին Արցախի նախագահի ընտրություններում երեք թեկնածուի անուն է շրջանառվում` Սամվել Բաբայան, Վիտալի Բալասանյան, Արայիկ Հարությունյան: Գործող նախագահ Բակո Սահակյանն ավելի վաղ հայտարարել էր` չի մասնակցելու 2020-ին կայանալիք ընտրություններին:
Հարակից հրապարակումներ`
- Նախագահական ընտրություններին առաջադրվելու նպատակով սկսում եմ քաղաքական կոնսուլտացիաներ. Վիտալի Բալասանյան
- Արայիկ Հարությունյանը՝ Սամվել Բաբայանին. «Հող հանձնող» իշխանությունը Վարդենիս-Մարտակերտ մայրուղու կառուցում չի նախաձեռնում
- Արթուր Աղաբեկյան. Արցախի հաջորդ նախագահը պետք է լինի Արայիկ Հարությունյանը