Հարսնացուներ «փախցնելու» հաճախակի դեպքեր՝ Ախալքալաքում
Փետրվարի 15-ին Ախալքալաքի շրջանային դատարանում քննվել է «հարսնացուի առևանգման» հերթական գործը: «Առևանգման» երեք մասնակիցներ իրենց մեղավոր են ճանաչել և ընթացակարգային պայմանագրով դատապարտվել են 4 տարվա պայմանական պատժի և տուգանվել 6000 լարիով:
Jnews-ը գրում է, որ այս պահի դրությամբ Ախալքալաքի մունիցիպալիտետի 4 բնակիչներ սույն գործով նախնական կալանքի տակ են գտնվում`Վրաստանի Քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի երրորդ մասի «ա» ենթակետի համաձայն, որը ենթադրում է աղջկան «ազատությունից ապօրինի զրկում»:
Վերջերս «հարսնացուների առևանգման» դեպքերը քչացել էին, քանի որ, ըստ Վրաստանի օրենսդրության, 2004 թվականից ի վեր, այս հանցագործության համար պատիժը աստիճանաբար խստացվել էր: Սակայն վերջին 2 ամիսների ընթացքում Ախալքալաքում հարսնացուին փախցնելու երկու դեպք է տեղի ունեցել: 2018-ի դեկտեմբերի վերջին երեք երիտասարդներ աղջիկ էին փախցրել այն հույսով, որ նոր տարին նշելու են հարսանիքի հետ միասին, բայց, փոխարենը, նրանք նշեցին ամանորը բանտում։ Այսօր, ընթացակարգային համաձայնությամբ, նրանք արդեն ազատ են, բայց ստիպված են վճարել մեծ տուգանք:
Փետրվարի 9-ին Ախալքալաքում տեղի է ունեցել մեկ այլ առևանգման դեպք, հինգ երիտասարդներ փախցրել են մի աղջկա: Չորսը մեղադրվում են «ազատությունից ապօրինի զրկում» հոդվածով և խափանման միջոցի տեսքով նրանց դեմ կիրառվել է կալանք 2 ամիս ժամկետով: Առևանգման հինգերորդ մասնակցի նկատմամբ շարունակվում է քրեական հետապնդումը: