Հենրիխ Մխիթարյանը՝ Մ19 տարեկանների մրցաշարի միջազգային դեսպանը»
ՀՖՖ տեխնիկական կենտրոնում` ֆուտբոլի ակադեմիայում, կայացավ մեդիայի և մարքեթինգի գծով սեմինար՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի, ՈՒԵՖԱ-ի և Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Սա UEFA GROW Communications ծրագրի շրջանակներում հերթական սեմինարն էր, որն այս անգամ ևս նախաձեռնվել էր ՈՒԵՖԱ-ի կողմից և նպատակ ուներ ապահովել ՀՖՖ և ԱՖԱ միջև փորձի փոխանակումը, ինչպես նաև միտված էր ամռանը Երևանում կայանալիք Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության եզրափակիչ փուլի ընթացքում մեդիա-մարքեթինքային ծրագրերի քննարկմանը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից սեմինարի կազմակերպումն ու անցկացումն ապահովել էին ՀՖՖ հասարակության հետ կապերի և լրատվության բաժնի պետ Հայկ Կարապետյանը և ՀՖՖ մարքեթինգի, զարգացման և խթանման բաժնի պետ Խաչիկ Թադևոսյանը:
Սեմինարի երկու օրերի ընթացքում իրենց մասնակցությունն ունեցան նաև ՀՖՖ առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը, ինչպես նաև ՀՖՖ տարբեր ստորաբաժանումների այն աշխատակիցները, որոնք լայն ներգրավվածություն են ունենալու Մ19 մրցաշարի մեդիա-մարքեթինգային և կազմակերպչական հատվածին:
ՈՒԵՖԱ-ն ներկայացնում էր ՈՒԵՖԱ-ի ազգային ասոցիացիաների հաղորդակցության մասնագետ Մոնիկա Մխիթարյանը, իսկ Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան՝ ԱՖԱ կազմակերպչական հարցերով մասնագետ Հեյդի Թրումանը և տարբեր տարիքային հավաքականների հաղորդակցության մասնագետ Քեթրին Ստյուարտը:
Ներկա էր նաև Elinds Sports Communications կազմակերպության խորհրդատու Մարկ Ուորդը, որը սերտորեն համագործակցում է ՈՒԵՖԱ-ի hետ GROW ծրագրի շրջանակներում: Սեմինարի ընթացքում ԱՖԱ-ի ներկայացուցիչները կիսվեցին Եվրոպայի Մ17 եզրափակիչ փուլի մրցաշարի մեդիա-մարքեթինգային աշխատանքների կազմակերպման նրբություններով, որոնց մի մասը, անկասկած, կիրառելի կլինեն նաև ՀՖՖ-ի համար:
Քննարկվեցին մրցաշարի կազմակերպման նպատակներին համապատասխան մեդիա-մարքեթինգային ծրագրերի իրականացման ամենաճիշտ և օգտակար ձևերը, նախանշվեցին մոտակա անելիքները և մրցաշարի լուսաբանման ու խթանման հետագա քայլերը: Շատ կարևոր դերակատարում ունեցան Մոնիկա Մխիթարյանը և Մարկ Ուորդը, որոնց շնորհիվ սեմինարն անցավ ինտերակտիվ ձևաչափով:
«Իմ եղբայրը` Հենրիխ Մխիթարյանը, կհանդիսանա Մ19 տարեկանների մրցաշարի միջազգային դեսպանը: Մշակվելու են մի շարք գործունեություններ և միջոցառումներ, որոնցում նա կունենա իր մասնակցությունը: Հիմնական նպատակը ՀՖՖ-ին օգնելն է` օգտագործելու այս մրցաշարի հեղինակությունը, ինչպես նաև մեր երիտասարդ տաղանդների հեղինակությունը երկրում բարձրացնելն է»,- ասել է Մոնիկա Մխիթարյանը: