Մեր օրակարգում սահմանադրական փոփոխությունների հարցը կա. Միրզոյան
«Ամենևին կողմնակից չեմ կիսանախագահական համակարգին վերադարձ կատարելուն»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
Նրա խոսքով՝ հիմա պիտի ամեն ինչ անեն՝ խորհրդարանական համակարգի կայացման համար:
«Իսկ սահմանադրական փոփոխություններ հնարավոր են, թեև կարծում եմ՝ ոչ այդպիսի մասշտաբային փոփոխություններ, որ երկիրը խորհրդարանականից անցում կատարի կիսանախագահականի։ Մեր օրակարգում սահմանադրական փոփոխությունների հարցը կա։ Շրջանակն առայժմ հստակեցվում է: Բայց մենք այս ընթացքում տեսանք, որ կան բացեր, կան իրավիճակներ, որտեղ Սահմանադրությունը չի կարգավորում և, հնարավոր է, փակուղիներ առաջանան, այս ամենը պետք է ուսումնասիրել»,- նշեց Միրզոյանը։
Նա հավելեց, որ գուցե անդրադարձ լինի նաև նախագահի լիազորությունների, Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցերին: