«Ժողովուրդ». ՌԴ դեսպանի հանդիպումները կարելի է համարել ռուս խորհրդարանականների այցի շարունակությունը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը երեկ այցելել է խորհրդարան: Նա հանդիպել է իշխող «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին: Բացի այդ, ՀՀ-ում ՌԴ դեսպանը հանդիպումներ է ունեցել ԱԺ այն մշտական հանձնաժողովների նախագահների հետ, որոնք «Իմ քայլը» խմբակցության անդամ են` Անդրանիկ Քոչարյան, Ռուբեն Ռուբինյան, Բաբկեն Թունյան, Արման Եղոյան, Վարազդատ Կարապետյան:
Իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների հետ հանդիպումների այս շարքն ուշագրավ է մեկ առումով. օրեր առաջ Հայաստան էին ժամանել ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի պատգամավորների խումբը` Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորությամբ, ու «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հենց Կալաշնիկովը խոստովանել էր. «ՌԴ-ում, չհասկանալով, թե իրականում ինչ է կատարվում Հայաստանում, սկսում են հետևություններ անել, խոսել լավ ու վատ սպասելիքների մասին: Մենք չենք կարող չիմանալ մեր գործընկերներին, նրանց պատկերացումները և այդ պատճառով էլ եկել էինք»:
Այնպես որ, ՌԴ դեսպանի երեկվա հանդիպումները կարելի է համարել ռուս խորհրդարանականների այցի շարունակությունը: Սրանով կարծես դեսպանը փորձել է լրացնել վերջին ամիսների բացը` ավելի մոտիկից շփվելով իշխանության նոր ներկայացուցիչների հետ` հասկանալու նրանց տրամադրություններն ու ձեռք բերելու պայմանավորվածություններ: Այս առումով պատահական չէ, որ խորհրդարանում վերջերս ստեղծվել է Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով, որի ղեկավարը ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանն է, բայց ՌԴ դեսպանը նրա հետ չի հանդիպել. նրան հետաքրքրել են հենց իշխանության ներկայացուցիչները»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին