Հակոբ Արշակյան. Մտահոգիչ ոչ մի հարց չկար
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը Ազգային ժողովում հանդիպել է «Իմ քայլը» խմբակցության անդամներին։ Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ նպատակն էր ներկայացնել նոր ստեղծվող նախարարության տեսլականը, ինչու են ստեղծում այդ նախարարությունը, որն է դրա նպատակը։
«Մտահոգիչ ոչ մի հարց չկար, աշխատանքային քննարկում ունեցանք։ Ես ներկայացրեցի, թե որոնք են առաջնահերթությունները, ինչ ձևաչափով պետք է կազմակերպվի նախարարությունը, ինչով պետք է զբաղվի: Ինչպես գիտեք՝ բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության հարցերը կենտրոնացնում ենք»,- նշեց նախարարը։
Հարցին, թե այդ դեպքում տրանսպորտը, կապը հետին պլան չեն մղվի՞, Հ. Արշակյանը պատասխանեց, որ կապը թվային տեխնոլոգաների մաս է կազմում, նոր նախարարության մեջ է մնալու, տրանսպորտի մասը փոխանցելու են տարածքային կառավարման նախարարությանը։
Հ. Արշակյանն ասաց, որ նախարարության անվան մեջ չի մնացել ռազմարդյունաբերություն բառը. «Անվան հետ կապված աշխատանքային բնույթ է կրում: Կարծում ենք, որ այս տեսքով աշխատանքն ավելի դրական ազդեցություն կունենա։ Դա որևէ կերպ ֆունկցիոնալ առումով չի ազդում նախարարության աշխատանքի վրա»:
Պատասխանելով հարցին, թե աշխատանքի հայտարարություն էինք տվել, դիմողներ եղե՞լ են, արդյո՞ք աշխատավարձն այնքան է, որպեսզի լավ մասնագետները ցանկանան ներգրավել, նախարարն ասաց, որ աշխատավարձը չպետք է դնեն գերխնդիր, այնուամենայնիվ, պետք է ապահովել նորմալ աշխատավարձ։
«Մեր գերխնդիրը լուրջ աշխատանք տանելն է»,- ասաց Հ. Արշակյանը։
Նրա խոսքով, արդեն ստացել են 1600-ից ավելի դիմում, դիմումների ընդունման ժամկետն ավարտելուց հետո կսկսեն հարցազրույցները։
Հիշեցնենք, որ կառավարության կառուցվածքային փոփոխություններից հետո ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը կոչվելու է բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում