Բերդում կատարված սպանությունը ոստիկանները բացահայտել են թարմ հետքերով
Ոստիկանության Տավուշի բաժին զանգահարած տղամարդը մարտի 6-ին, ժամը 11։40-ին հայտնել է, որ Բերդ քաղաքի Տերյան փողոցում ապրող իր ծանոթի առանձնատան դուռը բաց է, բայց տանտերը չի արձագանքում կանչերին։ Նշված հասցե մեկնած ոստիկանները հայտնաբերել են տանտիրոջ՝ 64-ամյա Սևան Նավասարդյանի անշնչացած մարմինը։
Դիակի արտաքին զննությամբ տղամարդու աջ քունքին հայտնաբերվել է բութ գործիքի հարվածից ստացած վնասվածք։
Պարզվել է, որ մահացու վնասվածքը պատճառվել է մարտի 5-ի ժամը 16։00-ից մարտի 6-ի ժամը 11։40-ն ընկած ժամանակահատվածում։
Տավուշի ոստիկանների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական և փնտրողական միջոցառումների արդյունքում սպանությունը թարմ հետքերով բացահայտվեց։ Ոստիկանները պարզեցին, որ մարտի 5-ին, ժամը 18։00-ի սահմաններում, Նավասարդյանի գլխին մուրճով հարվածել ու սպանել է Բերդի բնակիչ, 33-ամյա Նվեր Գինովյանը։
Կարճ ժամանակում նա հայտնաբերվեց և սպանություն կատարելու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Տավուշի բաժին։
Նախնական տվյալներով՝ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, առանձնատան բակում Գինովյանը փայտով հարվածել է Նավասարդյանի գլխին, ապա անգիտակից տղամարդուն տեղափոխել է ներս և մուրճով էլի մի քանի հարված հասցրել։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Հանցագործության գործիքը հայտնաբերվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Քննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին