Հարուցված քրգործի շրջանակում ստուգվում է «Աշտարակ կաթ» ընկերության սնանկության գործընթացը. Գլխավոր դատախազ
«Աշտարակ կաթ» ընկերության նկատմամբ հարուցված քրգործի շրջանակում ստուգվում է ընկերության սնանկության գործընթացը։ Այս մասին այսօր գործադիրի նիստում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
«Կազմակերպության առերևույթ, կանխամտածված սնանկության փաստով է գործը հարուցվել։ Դժգոհությունը եղել է նրանում, որ ընկերության կողմից առաքված մթերքների դիմաց բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտներ վճարումներ են կատարել առաքիչներին, իսկ գումարները սահմանված ընթացակարգով մուտք չեն արվել ընկերության բյուջե և սնանկացման գործերով կառավարիչների կողմից դատական գործընթացներ են սկսվել»,- ասաց դատախազը։
Նրա խոսքով՝ քրգործով ծավալուն ստուգումներ են նշանակված, բայց նախնական տեղեկությունները թույլ են տալիս հրապարակայնորեն ասել, որ առկա փաստաթղթերի ուսումնասիրությամբ ի հայտ են եկել կրիչներ, որոնցով հիմնավորվում են համապատասխան տնտեսվարողներից գումարների մուտքերը։
«Խոսքը շուրջ 2000 տնտեսվարողների մասին է և այս հարցին լիարժեք վերջնական պատասխան կտանք գործի ուսումնասիրությունից հետո։ Արդեն իսկ դատարաններին նամակներ են ուղարկվում այն մասին, որ ստուգմամբ տվյալներ են ձեռք բերվում, որոնք կարող են էական նշանակություն ունենալ գործի վրա և քաղաքացիների դեմ դատական ակտեր չեն կայացվի»,- ասաց Արթուր Դավթյանը։
Նա նաև նշեց, որ որոշ տնտեսվարողների նկատմամբ արդեն կայացվել են դատական ակտեր, որոնք դեռևս օրինական ուժի մեջ չեն մտել, այսինքն՝ վերադաս ատյաններում այդ ակտերը բողոքարկելու հնարավորություն կա։
«Այսինքն՝ «Աշտարակ կաթ»-ի հետ աշխատող քաղաքացիներն ընկերության առաքիչներին վճարել են, բայց այդ վճարումները չեն արձանագրվել: Եվ երբ ընկերությունը սնանկացել է, այս քաղաքացիների նկատմամբ առաջացել է պահանջ, թե դուք այսքան պարտք ունեք ընկերությանը։ Այդ մարդիկ երկար ժամանակ պնդում էին, որ վճարումներ կատարել են, բայց դրա ապացույցը չկար»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ սա ևս գործարքը չփաստաթղթավորելու և ՀԴՄ կտրոն չպահանջելու հետևանք է։
Հարակից հրապարակումներ`
- Դատախազությունն արձագանքում է «Աշտարակ կաթ»-ի նախկին սեփականատիրոջ հայտարարությանը
- «Ժամանակ». «Աշտարակ կաթ»-ը դատի է տվել 259 ձեռնարկատիրոջ