Հայաստանի հարցով ԵԽԽՎ համազեկուցողները կայցելեն Հայաստան
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների մոնիտորինգի հարցով համազեկուցողներ Յուլյա Լովոչկինան (Ուկրաինա) և Անդրեյ Շիրելը (Սլովենիա) կայցելեն Հայաստան 2019 թ. մարտի 12-ից մինչև14-ը: Այս մասին տեղեկանում ենք ԵԽԽՎ կայքից։
Քննարկումները հիմնականում ուղղված կլինեն վերջին քաղաքական զարգացումներին և նոր կառավարության գերակայություններին, ինչպես նաև ժողովրդավարական և սոցիալական բարեփոխումներին:
Համազեկուցողները պետք է հանդիպեն ՀՀ նախագահին, խորհրդարանի խոսնակին և վարչապետին, ինչպես նաև արտաքին գործերի, արդարադատության և սոցիալական հարցերի նախարարների հետ:
Հանդիպումներ են նախատեսվում նաև գլխավոր դատախազի, Գերագույն դատական խորհրդի նախագահի, Օմբուդսմենի, Հատուկ քննչական հանձնաժողովի նախագահի և Ամենայն հայոց կաթողիկոսի հետ:
Խորհրդարանում համազեկուցողները կհանդիպեն մարդու իրավունքների և հանրային հարցերով զբաղվող խորհրդարանական հանձնաժողովների ղեկավարներին, պետական և իրավական հարցերով, ինչպես նաև խորհրդարանական խմբերի ղեկավարների հետ անհատական հանդիպումներ կլինեն:
Համազեկուցողները նաև կհանդիպեն անկախ քաղաքական վերլուծաբանների հետ և կլոր սեղաններ կանցկացնեն ժողովրդավարական, դատական և սոցիալական բարեփոխումների հարցերով զբաղվող մի շարք հասարակական կազմակերպությունների հետ:
Նշվում է, որ Հայաստանը Եվրախորհրդի 10 անդամներից մեկն է, որը ներկայումս գտնվում է խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի ընթացակարգի տակ, որը պարունակում է կանոնավոր երկխոսություն և առաջընթացի վերաբերյալ պարբերաբար բանավեճեր: