Արմավիրի մարզում մի քանի հանցատեսակներով քրեաիրավական պայքարը կակտիվանա
Արմավիրի մարզում 2017թ. համեմատ 2018թ.-ին 14,1%-ով ավելացել են բնակարանային գողության դեպքերը: Դրան զուգահեռ 7,5 տոկոսային կետով նվազել է նշված հանցատեսակով բացահայտման ցուցանիշը: Ընդ որում՝ նվազում է արձանագրվում արդեն մի քանի տարի շարունակ, ինչը վկայում է գողությունների կանխարգելման ուղղությամբ պրոֆիլակտիկ միջոցառումների, բացահայտման ուղղությամբ օպերատիվ-հետախուզական աշխատանքների ցածր արդյունավետության մասին: Ուսումնասիրությունները վկայում են, որ ապօրինի մուտք գործելով գողություններ կատարվել են այնպիպի բնակարաններից, որոնց պատուհաններին ճաղավանդակներ չկան կամ որոնք տևականորեն բնակեցված չեն լինում: Այս մասին զեկուցվել է Արմավիրի մարզի դատախազ Վահե Հովհաննիսյանի գլխավորությամբ մարզի դատախազությունում տեղի ունեցած ընդլայնված խորհրդակցության ժամանակ։ Դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ խորհրդակցությանը մասնակցել են Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, Արմավիրի, Էջմիածնի և Մեծամորի համայնքների ղեկավաները, իրավապահ մյուս մարմինների մարզային և համայնքային ստորաբաժանումների ղեկավարները:
Վահե Հովհաննիսյանի կողմից խորհրդակցությանը մասնակցող համայնքի ղեկավարներին առաջարկվել է սեղմ ժամկետներում քննարկել բազմաբնակարան շենքերի մուտքերին կոդավորված փականներով դռներ դնելու, մուտքերին տեսանկարահանող սարքեր տեղադրելու, հարող տարածքները պատշաճ լուսավորությամբ ապահովելու մեխանիզմները և դրանից բխող քայլեր ձեռնարկել: Առաջարկվել է նաև համայնքների խոշոր խաչմերուկներում, համայնքներ մուտք ու ելք ունեցող ճանապարհներին տեղադրել տեսախցիկներ, որոնք նույնպես կունենան կանխարգելիչ նշանակություն և կհեշտացնեն հանցագործությունների բացահայտումը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել համայնքապետարանների և ոստիկանության հետ համատեղ ուսումնասիրել հանցագործությունների կատարման համար առավել խոցելի վայրերը և այդ վայրերում ըստ առաջնահերթության տեղադրել տեսախցիկներ:
Խորհրդակցության ժամանակ կարևորվել է նաև ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելմանն ուղղված աշխատանքների արդյունավետության բարձրացումը: Արձանագրվել է, որ 13,4%-ով աճել են ՃԵԿ խախտումները, որի հետևանքով 54,5%-ով ավելացել են մահվան ելքով ՃԵԿ խախտման դեպքերը:
Խորհրդակցության ընթացում մարզի դատախազի կողմից նաև դժգոհություն է արտահայտվել թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների դեմ պայքարի արդյունքների կապակցությամբ: Այս հանցատեսակներով արձանագրվել է նվազում. 50%-ով նվազել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության, 25,7%-ով՝ իրացման դեպքերը: Մտահոգիչ է համարվել, որ դեպքերի քանակը չի արտացոլում դրանց շարժընթացի իրական պատկերը՝ հաշվի առնելով մարզի բնակլիմայական պայմաններով պայմանավորված՝ բուսական ծագում ունեցող թմրամիջոցների (մարիխուանա) տարածվածությունը:
Նշված հանցատեսակներով դատական պրակտիկան վկայում է, որ այդ հանցագործությունները կատարողների զգալի մասը նախկինում ունեցել է դատվածություն թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործություններ կատարելու համար: Վերջինս վկայում է նախկինում նման հանցագործություններ կատարելու համար դատապարտված անձանց հաշվառման, նրանց շրջանում իրականացվող կանխարգելիչ-պրոֆիլակտիկ միջոցառումների նվազ արդյունավետության մասին: Մարզի դատախազը ոստիկանությանը հանձնարարել է ակտիվացնել այս ոլորտում կատարվող աշխատանքները: Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի զգալի մասը կապված են եղել «Արմավիր» ՔԿՀ-ի հետ: Ընդգծելով, որ ՔԿՀ տարածք թմրամիջոցների մուտքը կանխելու և բացահայտելու համար անհրաժեշտ է ակտիվացնել օպերատիվ հետախուզական միջոցառումները և համագործակցությունը ուժային կառույցների միջև՝ մարզի դատախազը նաև նշել է, որ չպետք է բավարարվել միայն հայտնաբերված դեպքի քննությամբ, այլ լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն իրականացնելով բացահայտել թմրամիջոցի ապօրինի շրջանառության ամբողջական շղթան:
Խորհրդակցության մանրամասները՝ Գլխավոր դատախազության պաշտոնական կայքում։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ