Դատավորների թեկնածուների ցուցակի արտահերթ համալրում է տեղի ունենալու
Ներկայումս գործող դատավորների թեկնածուների ցուցակում, ըստ համապատասխան մասնագիտացման բաժինների՝ քաղաքացիական և քրեական մասնագիտացման բաժիններում թեկնածուներ չկան, իսկ վարչական մասնագիտացման բաժնում առկա է 1 թեկնածու:
2019 թվականին՝ փետրվար ամսից, և 2020 թվականին պաշտոնավարման տարիքը լրանալու հիմքով դադարելու են քաղաքացիական գործեր քննող 7, քրեական գործեր քննող 7 և վարչական գործեր քննող 1 դատավորի լիազորությունները:
Բացի այդ, ներկա պահին դատական համակարգում առկա է դատավորի 8 թափուր հաստիք, որից 7-ը՝ քաղաքացիական մասնագիտացմամբ, մեկը` քրեական մասնագիտացմամբ:
Վերոգրյալի արդյունքում Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ անհրաժեշտ է դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացմամբ բաժինն արտահերթ համալրել քսաներեք (23) թեկնածուով, քրեական մասնագիտացմամբ բաժինը` տասնյոթ (17) թեկնածուով, իսկ վարչական մասնագիտացմամբ բաժինը` երկու (2) թեկնածուով` հիմքում ունենալով հաշվարկ։
Հաշվարկը մանրամասն ներկայացված է ԲԴԽ էջում հրապարակված որոշման մեջ։
Որոշման մեջ նշվում է՝ հաստատել դատավորների թեկնածուների ցուցակի արտահերթ համալրման անհրաժեշտ թվաքանակը, համապատասխանաբար`
- քաղաքացիական մասնագիտացմամբ բաժին` քսաներեք (23) թեկնածու,
- քրեական մասնագիտացմամբ բաժին` տասնյոթ (17) թեկնածու,
- վարչական մասնագիտացմամբ բաժին` երկու (2) թեկնածու: