Լայչակ. ԼՂ կարգավորման գործընթացին դրական լիցքեր հաղորդելու հիմքերը կան
«Ես վերահաստատում եմ մեր շարունակական աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը խաղաղ կարգավորման լուծումներ գտնելու ճանապարհին և լիարժեք աջակցություն եմ հայտնում այն աշխատանքին ու ներգրավվածությանը, որ Մինսկի խմբի համանախագահները կարող են այստեղ ներկայացնել։ ԵԱՀԿ-ի մեր նախագահությունն իսկապես մարդակենտրոն է, հիմնական կարգախոսները մարդիկ, երկխոսությունն ու կայունությունն է՝ ուղղված մասնավորապես հակամարտությունների կանխարգելմանը և առավել անվտանգ ապագայի կառուցմանը։ Սա մտապահելով եմ ես ճանապարհորդել տարածաշրջան՝ միտված լսելու մարդկանց, որոնց կյանքի վրա ազդեցություն է ունեցել հակամարտությունը, առավել լավ հասկանալու իրավիճակը տեղում»,-այս մասին այսօր ասաց Հայաստանում գտնվող Սլովակիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակը՝ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Լայչակը նշեց, որ ողջունում է այն, որ միջադեպերը նվազել են սահմանին և վստահություն հայտնեց, որ այս ամենը կնպաստի համակողմանի գործընթացի իրականացմանը՝ խաղաղ կարգավորման նպատակով։ Նշվեց, որ իսկապես բազմաթիվ են մարտահրավերները, սակայն բոլոր հիմքերը կան այս գործընթացին դրական լիցքեր հաղորդելու համար, մասնավորապես հաշվի առնելով այն, ինչ տեսել են վերջին ամիսներին։
«Ես կցանկանայի ընդգծել, թե որքան կարևոր է բնակչությանը նախապատրաստել խաղաղությանը, որքան կարևոր է ներգրավվել վստահության ամրապնդման, ինչպես նաև ռիսկի նվազեցման գործընթացներում»,-ասաց Լայչակը։
ԵԱՀԿ նախագահը նշեց, որ հասկանում են, որ հակամարտությունը կարգավորված չէ, բայց վստահ են, որ փուլային մոտեցումը, զարգացող երկխոսությունը կբերի այն չնչին բարեփոխումներին մարդկանց առօրյա կյանքում։
«ԵԱՀԿ նախագահության շրջանակներում հանձնառու ենք ամբողջությամբ բանակցված, խաղաղ ու հարատև լուծում գտնելու գործընթացին»,-ասաց Լայչակը՝ վստահություն հայտնելով, որ գործընթացում առաջընթաց կլինի։
Լայչակը նշեց, որ մեծապես աջակցել է նաև Հայաստանում Սլովակիայի դեսպանատան բացման գործընթացի խթամանը, որը կընդլայնի համագործակցության շրջանակը։